Saturday, September 5, 2009

Ալեքսանդր Մանասյան. ԼՂՀ-ն կազմավորվել է այն տարածքներում, որոնք չեն պատկանում Ադրբեջանին

/PanARMENIAN.Net/ 04.09.2009 - Չկա ոչ մի իրավական փաստարկ, կամ փաստաթուղթ, որով Բաքուն կարող է հիմնավորել իր նկրտումները Ղարաբաղի հանդեպ: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Քաղաքական հետազոտությունների ակադեմիա» հասարակական կազմակերպությունների ղեկավար Ալեքսանդր Մանասյանը: «Ցավոք, հայկական կողմը չի տիրապետում ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ իրավական ասպեկտներին: ԶԼՄ-ները եւս լիարժեք պատկերացում չունեն խնդրի մասին, ինչն էլ սխալ քարոզչության պատճառ է հանդիսանում: Այսօր Բաքուն չի կարող ներկայացնել ոչ մի փաստաթուղթ, որը կարողանար հիմնավորել նրա նկրտումները ԼՂՀ հանդեպ: ԼՂՀ-ն կազմավորվել է այն տարածքներում, որոնք չեն պատկանում Ադրբեջանին»,-հայտարարել է հայ քաղաքագետը: Ըստ նրա, մադրիդյան սկզբունքները ոչ մի հայանպաստ կետ չեն պարունակում, սակայն հայկական կողմը բոլոր իրավական փաստարկներն ունի դրանք Հայաստանի ու ԼՂՀ համար բարենպաստ կերպով ներկայացնելու համար: Իր հերթին քաղաքագետ Լեւոն Մելիք-Շահնազարյանը նշել է, որ 1992 թվականին Լեռնային Ղարաբաղի Գերագույն Խորհուրդը դիմել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին եւ տեղեկացրել է, որ ղարաբաղյան կողմն անցնում է ինքնապաշտպանության ադրբեջանական ագրեսիայի դեմ: «Դրանից հետո ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում 4 բանաձեւ է ընդունվել Ղարաբաղի մասին: Նրանցից ոչ մեկում Հայաստանը ներկայացված չէ որպես «ագրեսոր-երկիր», ինչն ուղղակի չի համապատասխանում իրականությանը»,-հայտարարել է քաղաքագետը: Նա անբարոյական է համարել քննարկումները Ադրբեջանին որոշ հողեր հանձնելու շուրջ: «Եթե հայերը վերջին 10 տարում չեն ապրել այդ հողերի վրա, դա դեռեւս ոչինչ չի նշանակում: Չնայած նրան, որ Ադրբեջանի հետ ներկայիս սահմանը չի կարելի արդար համարել, այն գոնե անվտանգ է»,-ասել է Մելիք Շահնազարյանը:

No comments: