«ՀԵՏՔ» 4-9-2009- «Կա՞ արդյոք աշխարհում երկիր, որտեղ իրեն քաղաքական կամ հասարակական գործիչ կամ մտավորական համարող մեկը խելացի դեմքով, վեհ կեցվածքով նստի հեռուստախցիկի առաջ կամ ամբիոնից խոսի հայրենի հողը հանձնելու մասին: Կա՞ այդպիսի երկիր: Երևի մենք ենք միակ երկիրը, որտեղ մարդիկ կարող են նման բաներ քննարկել և իրենց դեռ համարել քաղաքագետ, քաղաքական գործիչ, քաղաքացի: Այս խայտառակությանը պետք է վերջ դնել»:
Այս մասին սեպտեմբերի 3-ին «Միացում» ազգային նախաձեռնության կազմակերպած «Ոչ մի թիզ հայրենի հողից» հավաք-քննարկման ժամանակ ասաց նախաձեռնության անդամ, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը:
Նա տեղեկացրեց, որ ընկերների հետ Արցախում սկսում է նկարահանումներ` Տիգրանակերտի մասին: Ռեժիսորի խոսքերով` բազմադարյա պատմության ընթացքում հայ ժողովուրդը իր մեծագույն արքա հռչակել է Տիգրան Երկրորդ Մեծին գուցե այն պատճառով, որ աշխարհում երբեք Տիգրան Մեծից առաջ և, ցավոք, նաև հետո հայի անունն ու խոսքը այդքան բարձր ու վեհ չեն հնչել:
«Ես չեմ հավատում պատահականություններին: Դա պատահականություն չէ: Ինչո՞ւ 2000 տարուց ավել հողի տակ մնացած Տիգրանակերտի ամրոցը հայտնվեց հանկարծ` 1,5-2 տարի առաջ, երբ Համլետ Պետրոսյանը սկսեց պեղումները: Որովհետև մեր արքան հողի տակից ուզում է ասել այն մարդկանց, ովքեր կռվում են իր աթոռի համար, որ հայրենի հողը չի կարելի սակարկել, որ ոչ մի թիզ հայրենի հողից չի կարելի տալ թշնամուն կամ բարեկամին կամ որևէ մեկին: Տիգրան արքան է խոսում մեզ հետ: Տիգրան արքան է խոսում Սերժ Սարգսյանի հետ: Իր ամրոցի միջոցով: Լուռ խոսում է»,- ասաց Տիգրան Խզմալյանը:
Նա հավելեց. ««Միացում» նախաձեռնությունը ուզում է ասել բոլոր նրանց, ում դա վերաբերվում է, որ պարոնայք, եթե դուք մենաշնորհել եք տնտեսությունը, դիվանագիտությունը, քաղաքականությունը, պատմությունը, և մենք լռում էինք, որովհետև ժողովրդի մեծ մասը մտածում էր. «Միայն թե պատերազմ չլինի», հիմա դուք փորձում եք վաճառքի հանել հայրենի հողը` հենց այն, ինչի համար մենք պատերազում էինք: Այդ մենաշնորհը իրենց մոտ չի ստացվի: Մենք չենք տա նրանց դա»:
Անդրադառնալով` օգոստոսի 31-ին` գիշերը, ստորագրված հայ-թուրքական արձանագրություններին` «Միացում» նախաձեռնության անդամն ասաց, որ գիշերային կյանքը բնորոշ է խավարասերներին, առնետներին «ու գիտեք` ում: Խավարասերները վախենում են լույսից: Մեր պարտքն է լույս սփռել էդ ամեն ինչի վրա»:
«Ի՞նչ է կատարվում մարդկանց հետ, երբ պաշտպանության նախարարը զբաղեցնում է նախագահի աթոռը, երբ ընդհատակյա պայքարի կազմակերպիչներից մեկը զբաղեցնում է նախագահի աթոռը: Եվ հանկարծ մի գեղեցիկ օր իրենք սկսում են գործել, կարծես թե իրենք ոչ թե այս ազգից են, կարծես թե իրենք ոչ թե մեր պաշտպանության նախարարն են, այլ թշնամու: Ի՞նչ է կատարվում իրենց հետ»,- ասաց կինոռեժիսորը:
Նրա համոզմամբ` պատճառն այն է, որ պաշտոնները զբաղեցնելուց հետո այդ պաշտոնյաները տարիներ շարունակ բոլորովին նոր դասակարգ են ձևավորել: Նրանց շահերը դասակարգային են, որովհետև մարդկության պատմությունը դասակարգային պայքարի պատմություն է:
«Այդ դասակարգային շահերից ելնելով` իրենք, այսպես ասած, «սեփականաշնորհեցին» մեր երկիրը, մեր հայրերի ու պապերի աշխատանքը, թալանեցին երկիրը, գրպանեցին այն, վաճառեցին ու վերավաճառեցին ամենը, ինչ հնարավոր է: 5 մլն դոլարով երկաթուղին են տվել Ռուսաստանին, կոպեկներով հանձնել են մեր գործարանները: Եվ հիմա, չունենալով այլևս ոչ մի բան, սկսում են սակարկել, սկսում են վաճառել հողերը, հայրենիքը, որովհետև դրան է իրենց դրդում իրենց դասակարգային շահը: Ահա որտեղ է գաղտնիքը»,- ասաց Տիգրան Խզմալյանը:
Նա նշեց, որ այն փոփոխությունները, որ իրենք ակնկալում են, բոլորովին կապված չեն անձի, ընդդիմության, աթոռի տեղափոխության հետ, այլ սոցիալական և սեփականության հարց լուծող փոփոխություններ են: Այլապես հայ ժողովուրդը կկորցնի ոչ միայն Արցախը, այլևս ՀՀ-ն` չնայած պարզ է, որ Արցախի կորստից հետո արդեն Հայաստանից ոչ մի բան չի մնա:
«Ցավոք, ընդդիմությունը մեզ հետ չէ այս հարցում: Երկու հիմնական հարց կա, որը պետք է բաժանի իշխանությանը և ընդդիմությանը: Ներքին հարցն է սեփականության հարցը: Այդ հարցում իրենք միակարծիք են, իրենք նույն դասակարգից են: Արտաքին քաղաքականության մեջ դա Արցախյան հարցն է: Այստեղ էլ են նրանք, ցավոք, միակարծիք դարձել: Ուրեմն մենք պետք է վերակազմավորենք ընդդիմությունը»,- ասաց Տիգրան Խզմալյանը:
Նա անդրադարձավ նախորդ բանախոսի` ազատամարտիկ Հայկ Բալանյանի տեսակետին, որ «այն, որ իշխանությունը հիմա ռիսկ է անում նման խայտառակ զիջումների գնալ` արտաքին քաղաքականության մեջ, նշանակում է մի բան, որ շարժումը, որ մենք սկսել էինք անցած տարի (նախագահական ընտրությունները նկատի ունեմ) ավարտված է. այլևս ինքը վախ չունի ընդդիմությունից»:
Տիգրան Խզմալյանն ասաց. «Մենք ինքներս խիզախություն ունենանք և ասենք` այո, չստացվեց: Բայց դա չի նշանակում, որ մենք պետք է հեռանանք: Դա նշանակում է, որ մենք պետք է վերակազմավորվենք և շարունակենք պայքարը, գտնենք նոր ճանապարհը, որովհետև մենք ճանապարհ` հետ, չունենք»:
Անդրադառնալ որոշ երկրների դիրքորոշմանը, համաձայն որի` Հայաստանը թշնամուն պետք է հանձնի ազատագրված հայկական տարածքները` Տիգրան Խզմալյանն ասաց, որ պետք է նայել, թե ովքեր են մեզ զիջումների կոչ անում` Ռուսաստանը, Ֆրանսիան, Անգլիան և ԱՄՆ-ն:
«Ոչ ոք չի փորձում օրինակ ծառայել: Այդ ինչո՞ւ Ռուսաստանը Ճապոնիային չի նվիրում Կուրիլյան կղզիները: Այդ ինչո՞ւ Անգլիան Ֆոլկլենդյան կղզիները չի նվիրում Արգենտինային, այլ դաժան պատերազմ է մղել դրանց համար: Այդ ինչո՞ւ Ամերիկան Ռուսաստանին Ալյասկան չի նվիրել: Այդ ինչո՞ւ Իսպանիան չի նվիրում բասկերի երկիրը, իսկ Ֆրանսիան` Կորսիկան: Պատասխանը պարզ է: Երբ Հայաստանում չկան երևանյան սկզբունքներ, մեզ փորձում են ստիպել ապրել «Մադրիդյան սկզբունքներով»»,- ասաց «Միացում» նախաձեռնության անդամը:
Saturday, September 5, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment