Saturday, September 5, 2009

Ադրբեջանը չի համաձայնի բնական պաշարները տեղափոխել Հայաստանի տարածքով. փորձագետ

Tert.am 4-9-9- «Եթե Թուրքիայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումը ենթադրող Արձանագրությունները վավերացվեն երկու երկրների խորհրդարանների կողմից, ապա Nabucco-ի ծրագրում կարող են որոշ փոփոխություններ մտցվել, իսկ ԵՄ-ը կարող է պահանջել գազատարն անցկացնել ոչ թե Վրաստանի, այլ Հայաստանի տարածքով»: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի Տնտեսական և քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Սաբիթ Բագիրովը: Նրա խոսքով` դա քաղաքական հարց է. «Նախ ես չեմ հավատում, որ Թուրքիայի խորհրդարանը կարող է վավերացնել այդ համաձայնագիրը: Երկրորդ՝ չեմ հավատում այդ գաղափարի իրականացմանը, քանի որ ադրբեջանական իշխանությունները նույնպես բազմիցս հայտարարել են, որ քանի դեռ Ադրբեջանի «գրավված տարածքները» հետ չեն վերադարձվել և ղարաբաղյան հակամարտությունը չի կարգավորվել, Ադրբեջանը չի համաձայնի բնական պաշարները տեղափոխել Հայաստանի տարածքով»: Նշենք, որ ԵՄ-ն արդեն երկար ժամանակ փորձում է Nabucco նախագծի մեջ ներգրավել նաև Հայաստանը, հաղորդում են ANS PRESS-ը: Առավել մեծ ձգտում այս հարցում դրսևորում է Ֆրանսիան: Հավելենք, որ երեկ թուրքական Star թերթը, հղում տալով երկրի էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարության ներկայացուցչին, հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ Արձանագրությունների վավերացման դեպքում Nabucco նախագծում կարող են որոշ փոփոխություններ իրականացվել, իսկ ԵՄ-ը կարող է պահանջել գազատարն անցկացնել ոչ թե Վրաստանի, այլ Հայաստանի տարածքով:

No comments: