Saturday, September 5, 2009

ԲԱՔՈՒՆ ԹՈՒՐՔԻԱՅԻՑ ՊԱՀԱՆՋՈՒՄ Է ՀԱՎԱՏԱՐԻՄ ՄՆԱԼ ԽՈՍՏՄԱՆԸ ԵՎ ՄԵՂԱԴՐՈՒՄ Է ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԱՄՈՒԼԻՆ

«ԱԶԳ», 05-09-2009- Շվեյցարիա-Հայաստան-Թուրքիա համատեղ հաղորդագրությունն ու զույգ արձանագրությունները բուռն հակազդեցություն են առաջ բերել Ադրբեջանում: Ադրբեջանական մամուլը հայ-թուրքական հարաբերությունների զարգացման այս արձանագրություններով սկզբնավորված գործընթացին անդրադարձել էր «Թուրքիան դավաճանում է մեզ», «Ճգնաժամ Թուրքիայի հետ հարաբերություններում», «Մի՞թե Դավութօղլուն երեխա է խաբում» վերնագրերով: Ըստ երեւույթին, այս կարգի վերնագրերով հրապարակված նյութերին, որոնք ամենայն հավանականությամբ բազում սանձարձակություններ են պարունակել, թուրքական թերթերը հեգնանքով են անդրադարձել: Այս անդրադարձին էլ, սեպտեմբերի 3-ի հաղորդագրությամբ, փորձել է հակազդել Ադրբեջանի նախագահականի միջազգային հարաբերությունների վարչության պետ Նովրուզ Մամեդովը: Նրա կարծիքով, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման մասին արձանագրությունների հրապարակումից հետո թուրքական մամուլը սկսել է Ադրբեջանի առնչությամբ այնպիսի սուտ լուրեր տարածել, որ ինքը կարդալով դրանք, ցնցվել է: «Այս կարգի լուրերը, ասել է Մամեդովը, բացասաբար են ազդում թուրքական եւ ադրբեջանական հասարակությունների վրա: Հետեւաբար չպետք է ուշադրության արժանանան»: Արձանագրությունների հրապարակումից հետո թուրքական մամուլը գրել է, որ նախագահ Ալիեւը հետաձգել է Վրաստան նախատեսվող այցը եւ իսկույն հրավիրել է Միլլի մեջլիսի արտակարգ նիստ, Ադրբեջանը դավաճանության մեջ է մեղադրել Թուրքիային: Հայաստանի հետ արձանագրություն է ստորագրել նաեւ Ադրբեջանը, որը, ըստ Մամեդովի, իրականությանը չի համապատասխանում: Մամեդովն ընդգծել է նախքան հայ-թուրքական սահմանի բացումը Ղարաբաղյան հիմնահարցում առաջընթաց արձանագրելու անհրաժեշտությունը, ակնարկելով Թուրքիայի վարչապետ Էրդողանիՙ հայկական սահմանի բացումը Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ պայմանավորելու հայտարարության մասին, Անկարայից պահանջել է հավատարիմ մնալ խոստմանը, ապա եւ հիշեցրել. «Թուրքիան սահմանը փակեց այն ժամանակ, երբ Հայաստանը զավթում էր ադրբեջանական տարածքները, եւ այդ մասին ողջ աշխարհը գիտի»:

No comments: