Sunday, September 6, 2009

Սահմանամերձ գոտու բնակիչները կասկածամտությամբ են լցված

A1+ -5-9-2009- Հայ-թուրքական սահմանի մոտ գտնվող գյուղերի բնակիչները խորը կասկածամտությամբ են նայում քաղաքական գործիչների` հարեւան երկրի հետ հարաբերություններ հաստատելուն ուղղված քայլերին` նշելով, որ վստահ չեն, թե 1915-ի ջարդերը չեն կրկնվի: Բագարանի բոլոր բնակիչները սերում են Արեւմտյան Հայաստանի համանուն գյուղից: 1915-1923 թթ. Թուրքիայում իրականացված հայերի ցեղապանության տարիներին Արեւմտյան Հայաստանի համանուն գյուղից գաղթել են Շիրակի դաշտավայր: Այն հանգամանքը, որ թուրքական կառավարությունը հրաժարվում է զանգվածային սպանությունները որպես եղեռն որակել, ստիպում է գյուղացիներին մտածել, որ թուրքերին դեռեւս չի կարելի վստահել: Բագարանի միջնակարգ դպրոցի հայոց լեզվի եւ գրականության 55-ամյա ուսուցչուհի Մարիա Մկրտչյանը գիտակցում է հայ-թուրքական սահմանի հնարավոր բացման առավելությունները: Այդուամենայնիվ, Մկրտչյանը վախենում է, քանի որ համոզված է` գենետիկան չի փոխվում: «Ինձ են հասել իմ պապիկի գրառումները, ով փախել է Արեւմտյան Հայաստանից եւ հաստատվել այստեղ: Նրանք ապրել են խորը սարսափ: Իմանալով, որ զորքը գալիս է, 3 օրում կամուրջ են կառուցել եւ անցել են արդեն վարարած Ախուրյան գետը: Այդ ամենը կարդալով արդեն իմ մեջ սարսափ ու վախ կա այդ ժողովրդի հանդեպ, եւ ինչքան էլ գոռան քաղաքական գործիչները, ինչքան էլ ասեն, որ վտանգ չկա, ես վախենում եմ», - փոքր-ինչ հուզվում է Մկրտչյանը: Բագարանը գտնվում է սահմանամերձ Ախուրյան գետի ափերին: Թուրքիայի հետ սահմանը փակվել է 1993 թվականին` Թուրքիայի իսկ նախաձեռնությամբ` Լեռնային Ղարաբաղի հակամարտության ժամանակ, ինչով Թուրքիան իր աջակցությունը ցույց տվեց եղբայրական Ադրբեջանին: Գյուղի բնակիչների խոսքերով` լավ կլիներ, եթե ներկայիս խիստ սահմանային ռեժիմը, որը հայ-ռուսական միջպետական պայմանագրի համաձայն` գործում է ռուս սահմանապահների վերահսկողության ներքո, փոքր-ինչ մեղմ լիներ, սակայն միեւնույն ժամանակ, կասկածամտությամբ են վերաբերվում Թուրքիայի հետ սահմանը բացելու բոլոր փորձերին: «Միակ մտահոգությունս տնտեսական ագրեսիան է, - ասում է Համայնքի գյուղապետարանի աշխատակազմի ղեկավար 52-ամյա Սանասար Հարությունյանը - Նրանք Հայաստանի շուկա կբերեն նույն մթերքն` ավելի էժան: Մեզ կսնանկացնեն, մենք ստիպված կլինենք վաճառել մեր ունեցածը, նույնիսկ` հողերը, երբ եկամուտ չլինի, դա այդպես կլինի»: Այս առումով շրջանում շատերն են համակարծիք Հարությունյանի հետ: Մտահոգություններ ունի նաեւ Երվանդաշատի միջնակարգ դպրոցի քիմիայի եւ կենսաբանության ուսուցիչ 37-ամյա Արշակ Մելքոնյանը. «Ավելի լավ է`ինչպես կա, այնպես էլ մնա: Մարդիկ կան, որ ասում են, թե լավ կլինի, ճանապարհները բացեն, ապրանքաշրջանառություն կլինի, առեւտուր: Այսպես թե այնպես թուրքական ապրանքը կա հայկական շուկայում: Էլ իմաստը ո՞րն է ձեւական բացել կամ փակել սահմանը»: Նա համոզված է, որ գյուղացիների կյանքում ոչ մի փոփոխություն տեղի չի ունենա. «Ինչ վտանգ էլ լինի, գյուղացին է սահմանը պահում եւ առաջին հարվածն ընդունելու է հենց նա: Պետք է մեր պետությունը սահմանամերձ գյուղերի բնակիչներին լավ նայի»: Այնուամենայնիվ, բոլորը չէ, որ համաձայն են այս տեսակետի հետ: 58-ամյա Դավիթ Դանիելյանը Բագարանի գյուղապետարանի հաշվետար գանձապահն է: Նա կողմ է Թուրքիայի սահմանի վերաբացմանը, քանի որ համոզված է` սահմանի վերաբացման հետ կզարգանա տնտեսությունը, եւ երիտասարդությունը կմնա գյուղում: Դանիելյանն ասում է` մինչեւ անցած տարի գյուղի մուտքի մոտի անցակետի վերացումը գյուղացիներն ապրել են բանտարկյալի պես, քանի որ նրանց անընդհատ հսկել են հրացանավոր զինվորները, բարեկամներին հատուկ անցագրով են թողել գյուղ, եւ եթե ծննդկանն անձնագիր չի ունեցել, չեն թողել գնալ մարզկենտրոնի հիվանդանոց` ծննդաբերելու: «Կկարգավորվի նաեւ հարաբերությունը հարեւան թուրքական գյուղի հետ, կաշխուժանա անցուդարձը, կմեկնարկի երկուստեք շահավետ առեւտուրը», - ասում է նա: «Մարդիկ փոխվել են, էն ժամանակները չեն: 1915 թ. կարող է մարդիկ հետամնաց են եղել, էդպիսի բան է տեղի ունեցել (նկատի ունի հայերի ցեղասպանությունը), հիմա ինչ՞ պիտի լինի»: Դավիթ Մուրադյանը «Ար» հեռուստաընկերության լրագրող է Երեւանում: Հոդվածն արտատպվում է Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի www.iwpr.net ´Կովկասյան լրատու´ պարբերականից:

No comments: