«Լրագիր» 2-9-2009- Հայ-թուրքական թեմայի շուրջ բանավեճերի եւ քննարկումների մասնակից իշխանական մունետիկները, որոնց դերում առավել հաճախ հանդես են գալիս ոչ թե իշխանական քաղաքական գործիչներ, այլ այսպես կոչված անկախ քաղաքագետներ, որոնց լսելիս պարզ է դառնում, որ նրանց խնդիրը ոչ թե երեւույթը բացատրելն է, թեկուզ իշխանական տեսանկյունից, այլ ընդամենը` “լավ է, լավ է, շատ լավ է” ասելը, որդեգրել են բավական հետաքրքիր կեցվածք: Այդ կեցվածքի, բանավիճային այդ մարտավարության առանձնահատկությունն այն է, որ նրանք փորձում են խնդիրը ներկայացնել այնպես, թե ով դեմ է արտահայտվում հայ-թուրքական հարաբերության կարգավորման ներկայիս գործընթացին, որ իրականացնում է իշխանությունը, նա դեմ է հայ-թուրքական սահմանը բացելուն: Սա Հայաստանի իշխանական եւ իշխանամերձ մտքին բնորոշ գիծ է` փոխել հասկացությունները, շեղել թեման եւ բանավեճը վերածել տրիվիալ պնդումների: Մինչդեռ բոլորին պարզ է, որ հայ-թուրքական հարաբերության կարգավորման ներկայիս գործընթացի հանդեպ հիմնական քննադատության առանցքը ամենեւին այն չէ, որ պետք չէ բացել հայ-թուրքական սահմանը: Քննադատության բուն թեման այն է, թե ինչ գնով, ինչի կամ ում հաշվին է այդ սահմանը բացվում, ինչ է տալիս Հայաստանն այդ սահմանը բացելու դիմաց եւ արդյոք այդ տվածը համարժեք է այն արդյունքին, որ կլինի սահմանը բացելու պահին եւ դրանից հետո: Կամ արդյոք թուրքերը սահմանը բացելու շուրջ այս բանակցության ընթացքում այդ խնդիրը չեն օգտագործում Հայաստանի քթից բռնած ման ածելու համար: Դա է խնդիրը, ոչ թե սահմանի բաց կամ փակ վիճակի գերադասությունը, ուր որ փորձում են բանավեճը տանել իշխանական մունետիկները, ասելով, որ գործընթացն է կարեւոր, կարեւոր է, որ լինի գործընթաց: Բայց արդյոք նրանք բացատրում են, թե օրինակ ինչ է շահում Հայաստանն այդ գործընթացից, եւ ինչ է կորցնում: Արդյոք նրանք ասում են, թե ինչ տեսքով պետք է լինի այդ գործընթացը: Թե նրանց համար տեսքը կապ չունի, կարեւորը, որ լինի, եթե նույնիսկ այդ գործընթացի ընթացքում Հայաստանը հայտնվում է “աուդչիկի” կարգավիճակով, եթե խոսենք ֆուտբոլային հանրամատչելի լեզվով: Կարծես թե դժվար չէ հասկանալ, որ հենց դրա շուրջ է պետք ծավալել քննարկում, ոչ թե այն բանի, որ բաց սահմանն ավելի լավ է, քան փակը, կամ սահմանի բացման մասին բանակցելն ավելի լավ է, քան չբանակցելը: Իհարկե, ավելի լավ է բաց սահմանը, կամ ավելի լավ է դրա համար բանակցելը, քան չբանակցելը: Բայց ամենալավը բանակցելուց առաջ մտածելն է, թե այդ բանակցությունն արդյոք չեն կարող քո դեմ օգտագործել եւ դրանից ծուղակ պատրաստել: Իշխանական մունետիկների խնդիրը պետք է լինի հենց հասարակությանը բացատրել, որ օրինակ հայ-թուրքական արձանագրությունների մեջ Հայաստանի համար ծուղակ չկա: Թող այդ մունետիկներն, օրինակ, ապացուցեն, բացատրեն, որ ասենք պատմաբանների ենթահանձնաժողովի գործունեությունը որեւէ կապ չի ունենալու ցեղասպանության հետ, որ նրանք ուսումնասիրելու են բացառապես այն պատմական փաստաթղթերն ու փաստերը, որոնք չեն վերաբերում ցեղասպանությանը: Իշխանական մունետիկները թող դա բացատրեն եթե կարող են, ոչ թե ասեն, որ արձանագրության մեջ ցեղասպանություն բառը չկա, ուրեմն ամեն ինչ լավ է:Նրանք թող հանրությանը բացատրեն, թե ինչու են Հայաստանն ու Թուրքիան հարաբերություն հաստատելու մասին արձանագրություն կազմում, ու դրա մեջ ներառում են ոչ միայն սեփական սահմանների ճանաչման խնդիրը, այլ նաեւ “այլ պետությունների տարածքային ամբողջականությունն ու սահմանների անձեռնմխելիությունը հարգելու” դրույթը: Ինչ կապ ունեն հայ-թուրքական հարաբերություններում այլ պետությունները, եւ արդյոք այդ դրույթը չի ներառված հենց Ադրբեջանին նկատի ունենալով: Թող իշխանական մունետիկները դա բացատրեն, ոչ թե ասեն, որ արձանագրության մեջ Ղարաբաղ անունը չկա: Ի վերջո, իշխանական մունետիկները թող իմանան հայտնի ժողովրդական ասացվածքը, որ “դուզ խոսքը էշին են ասում”: Առավել եւս դիվանագիտության մեջ ուղիղ խոսք չի հնչում երբեք, հատկապես այնպիսի նուրբ հարցերում, ինչպիսին հայ-թուրքական հարաբերությունն է: Հետեւաբար քաղաքագետը պետք է կարողանա ոչ միայն տողը կարդալ, այլ առաջին հերթին կարդալ տողատակը, որովհետեւ շարքային քաղաքացին առանց քաղաքագետի օգնության էլ կարող է տող կարդալ: Պետք չէ քաղաքացուն դնել անգրագետի կամ հիմարի տեղ: Քաղաքագետը պետք է տողատակի համար:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
No comments:
Post a Comment