Thursday, September 3, 2009

«ՉԵՆՔ ԿԱՌՉԻ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՑ, ԿԹՈՒԼԱՆԱ ԿԱԽՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՎՐԱՍՏԱՆԻՑ, ՉԵՆՔ ՍՊԱՍԻ ԹԵՀՐԱՆ-ՎԱՇԻՆԳՏՈՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼԱՐՎԱԾՈՒԹՅԱՆ ԹՈՒԼԱՑՄԱՆԸ»

«ԱԶԳ», 03-09-2009- Թուրքագետ Հակոբ Չաքրյանը վստահ է, որ Հայաստանն ու Թուրքիան նահանջելու հնարավորություն չեն ունեցել եւ կնքել են արձանագրությունը, քանի որ նախաձեռնողները միջազգային ուժերն էին` ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի գլխավորությամբ: Դա կնպաստի ոչ այնքան երկու երկրների հարաբերությունների կարգավորմանը, որքան Հարավային Կովկասում ծավալվող ռուս-ամերիկյան պայքարը կծառայեցնի ի նպաստ Վաշինգտոնի շահի: Չաքրյանը նկատում է, որ արձանագրությունները միանշանակ չեն գնահատվել Թուրքիայում եւ Ադրբեջանում: Մի շարք կուսակցություններ ու քաղաքական ուժեր Էրդողանին անվանել են դավաճան: «Թուրքական իշխանություններն էլ են դաժան հարձակման ենթարկվում իրենց հասարակությունից: Էրդողանին դավաճան են անվանում, կոպիտ վիրավորանքներ հասցնում: Նրանց վիճակը նախանձելի չէ», նկատում է նա: Առավոտյան թուրքագետը ադրբեջանական կայքերից մեկում էլ հոդված է կարդացել` «Դավաճանություն. Աշխարհը գոհ է, Ադրբեջանը` մտահոգ» վերնագրով, ինչից եզրակացրել է, որ ադրբեջանական քաղաքական վերնախավը մտահոգված, զայրացած ու հիասթափված է: Սակայն Չաքրյանը փաստում է, որ արձանագրությունների հրապարակումը դեռ դիվանագիտական հարաբերությունների հաստատում չի նշանակում: Դա պետք է ցույց տա ժամանակը: «Եթե Սերժ Սարգսյանը գնա Թուրքիա, որոշ բաներ ավելի կհստակեցվեն եւ կկարողանանք կռահել, թե հետագա քայլերն ինչ են լինելու: Եթե անգամ ստորագրվեն այդ արձանագրությունները, դեռ պետք է դրվեն երկու պետությունների խորհրդարանների քննարկմանը: Թուրքիայի Մեջլիսի երկու կուսակցությունները դեմ են փաստաթղթի ստորագրմանը, Էրդողանի կուսակցության շարքերում էլ դեմ արտահայտվողներ կլինեն: Հայաստանում հնարավոր է, որ խնդիրն ավելի հեշտ լուծում ստանա, բայց այստեղ էլ խնդիրներ կան: Հարցն անընդհատ կապում են Հայոց ցեղասպանության կամ Կարսի պայմանգրի հետ: Առհասարակ հայ-թուրքական հարաբերությունները չափից դուրս են վերարծարծվում, չի կարելի այդքան մեծ կարեւորություն տալ այդ հարաբերություններին», հավելում է «Ազգ» օրաթերթի քաղաքական մեկնաբանը: Հակոբ Չաքրյանը չի հերքում, որ այդ հարաբերությունների հաստատումը շատ կարեւոր է նաեւ Հայաստանի համար, այն առումով, որ ստիպված չենք լինի կառչել Ռուսաստանից: Կթուլանա կախվածությունը Վրաստանից եւ անընդհատ չենք սպասի, թե երբ կթուլանա Թեհրան-Վաշինգտոն հարաբերությունների լարվածությունը, որպեսզի կարողանանք Իրանի հետ անկաշկանդ համագործակցել: Թուրքագետը ապավինում է ժամանակին` հավելելով, որ միայն ապագան ցույց կտա` կլինե՞ն երկու պետությունների միջեւ հարաբերություններ: Առայժմ հայտնի է, որ արձանագրությունը կծառայի, որպեսզի Սերժ Սարգսյանը մեկնի Թուրքիա: «Ամեն ինչ նոր է սկսվում, սակայն մի բան ակնհայտ է. այս արձանագրությունների շնորհիվ երկու պետություններն էլ կձերբազատվեն միջազգային ուժերի ճնշումներից»: Անդրադառնալով Կարսի պայմանագրին, Չաքրյանը նկատեց, որ այն երկկողմ պայմանագիր չէ` միայն Հայաստանի եւ քեմալական Թուրքիայի միջեւ, պայմանագրի տակ իրենց ստորագրությունն են դրել նաեւ Ռուսաստանը, Վրաստանն ու Ադրբեջանը: Հետեւաբար վերահաստատման համար անհրաժեշտ է վերոնշյալ երկրների համաձայնությունը նույնպես: Անդրադառնալով հանձնաժողովների ստեղծմանը, Հակոբ Չաքրյանը որեւէ վտանգ կամ սպառնալիք չի տեսնում: Նրա խոսքերովՙ յուրաքանչյուր հարց կարելի է քննարկել, «նայած, թե դրանք ինչպես են քննարկվում»: ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

No comments: