Thursday, September 3, 2009

Մինչ թուրք դիվանագետներն աշխատում էին, հայերը Բադեն–Բադենո՞ւմ էին

Tert.am. 2-9-2009- «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանն այսօր «Տեսակետ» ակումբում խոսել է նախօրեին հրապարակված Հայաստան–Թուրքիա–Շվեյցարիա համատեղ հայտարարության մասին ու նշել, որ Արձանագրություններին ծանոթանալիս այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե երբ դրա վրա թուրք դիվանագետներն աշխատելիս են եղել, հայերը, երևի, Բադեն-Բադեն էին գնացել։ Պատգամավորը ասել է, որ իր այդ խոսքից հիմա հայ դիվանագետները կնեղանան, սակայն, իրականում, ինքն այդ տպավորությունն է ստացել Արձանագրություններին ծանոթանալիս, քանի որ այնտեղ թուրքական շահերին սպառնող որևէ կետ կամ դրույթ չի գտել։ Սաֆարյանը հայտարարել է, որ հրապարակված Արձանագրություններում արտացոլված են Թուրքիայի կողմից տարիներ շարունակ Հայաստանին առաջադրվող երեք նախապայմաններից երկուսը՝ սահմանների ճանաչման հարցը և Հայոց Ցեղասպանության փաստը պատմական հարթության վրա քննարկելը։ «Այս փաստաթղթում Թուրքիայի շահերին վնասող որևէ կետ չկա»,– ասել է «Ժառանգության» պատգամավորն ու ավելացրել, որ Արձանագրությունների հրապարակումից հետո Հայաստանի արտաքին քաղաքականությունը պետք է նախաձեռնողականից անցնի պաշտպանվողականի, քանի որ Արձանագրությունները մեծ ռիսկեր են պարունակում։ Սաֆարյանի հետ նույն ակումբում հյուրընկալված պատմաբան Արմեն Մարուքյանը գրեթե նույն մտահոգություններն է արտահայտել։ Նա դժգոհել է, որ մինչ Արձանագությունները կազմելը հայկական կողմը չի խորհրդակցել պատմության, արևելագիտության և Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտի մասնագետների հետ։ Հետին թվով ներքին խորհրդակցություններ անցկացնելն իրենց հետ պատմաբանը համարել է ուշացած։

No comments: