Tuesday, September 8, 2009

Հայ-թուրքական արձանագրություններում շատ չբացված փակագծեր կան

/PanARMENIAN.Net/ 07.09.2009 - Չնայած Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին արձանագրություներում նշված ժամկետներին, պարզ է, որ այս գործընթացը տեւական բանակցությունների նոր շղթայի սկիզբն է միայն: Թուրքիան բոլոր առիթներն ունի երկրի խորհրդարանում այս փաստաթղթերի վավերացումը ձգձգելու եւ սառեցնելու համար: Այդ մասին PanARMENIAN.Net-ին է հաղորդել Բեյրութում լույս տեսնող «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Քանդահարյանը: «Անկարայի նման քաղաքականությունը լիովին բխում է նրա շահերից: Ճիշտ է, Արձանագրություններում հստակ չի ասվում Հայոց ցեղասպանության ճանաչման, ղարաբաղյան հակամարտության եւ Կարսի պայմանագրի մասին, սակայն այնտեղ ասվում է Հայոց ցեղասպանության հարցով զբաղվող հանձնաժողովի ստեղծման մասին: Բացի այդ, այս փաստաթղթերով կողմերը հայտարարում են սահմանների անձեռնմխելիության եւ տարածքային ամբողջականության սկզբունքները հարգելու պատրաստակամության մասին, որով հաստատվում է Կարսի պայմանագիրը»,-ասել է նա: Քանդահարյանն ընդգծել է, որ կողմերը համաձայնվել են պայմանավորվածությունները կատարել 6 շաբաթվա ընթացքում: Այդ ժամկետը սպառվում է հոկտեմբերի 13-ին, Կարսի պայմանագրի ստորագրման օրը: «Արձանագրություններում շատ չբացված փակագծեր կան: Սակայն մեզ համար ամենակարեւորն այն է, որ Թուրքիան չկարողանա պառակտել հայ ժողովրդին: Մենք այժմ մի նոր փուլ են ոտնակոխել, որն ընթանում է Թուրքիայի թելադրած կանոններով: Այսօր ինչպես երբեք անհրաժեշտ է զգոնություն ցուցաբերել»,-ասել է Քանդահարյանը: Նրա խոսքերով, զգոնությունն առաջին հերթին անհրաժեշտ է նրա համար, որպեսզի գործը չնկերկայացվի այնպես, թե իբր Հայաստանը կողմ է, իսկ հայկական Սփյուռքը դեմ է այս գործընթացին եւ այս փաստաթղթերին: «ի վերջո, չի կարելի մոռանալ, որ Թուրքիայի գործողությունները ավելի շատ ուղղված են իմիտացիոն քաղաքականության ապահովմանը, քան հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը: Հավանաբար, Անկարան ինքը կձախողի այս փուլը, որը թվացյալ հաշտեցման է տանում: Հայկական կողմն իր հերթին պետք է ցույց տա միջազգային հանրությանը, որ Թուրքիան այդպես էլ չհրաժարվեց իր նախապայմաններից»,-ասել է «Ազդակի» գլխավոր խմբագիրը:

No comments: