HayInfo.7-9- 2009-Հայաստանի և Թուրքիայի մերձեցման սկիզբն անսպասելի արդյունքների է հանգեցրել, այսօրվա համարում գրում է ռուսական Коммерсант թերթը։ Նախորդ շաբաթվա վերջին Անկարայում սկսել են խոսել Nabucco նախագծին Հայաստանի միանալու մասին։ Այդ մասին հաղորդում է Թերթ.ամ
Նման ենթադրություններ սկսեցին հնչել անմիջապես այն բանից հետո, երբ Հայաստանը և Թուրքիան հայտարարեցին Արձանագրությունների նախաստորագրման մասին։
Թուրքական ԶԼՄ-ները, հղում կատարելով դիվանագիտական աղբյուրներին, գրում էին, որ Անկարան կարող է սատարել Nabucco–ին Երևանի միանալու փաստը։ Այս նախագծում Հայաստանը կարող է փոխարինել քաղաքական առումով անկայուն Վրաստանին։
«Թուրքսամ» միջազգային հարաբերությունների և ռազմավարական վերլուծության թուրքական կենտրոնի նախագահ Սինան Օղանը հայտնել է Коммерсант-ին, որ այդ սցենարը հավանական է։
«Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների վերսկսման շուրջ Արձանագրությունների նախաստորագրման ժամանակ Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հասկացրել է, որ Հայաստանը պատրաստ է մասնակցել Հարավային Կովկասի էներգետիկ նախագծերին։ Եվ չնայած նա չի նշել կոնկրետ Nabucco-ն, բոլորը հասկացան, թե ինչի մասին է խոսքը»,- նշել է Օղանը։
Նա նաև հավելել է, որ «մինչև տարեվերջ ԵՄ-ը և ԱՄՆ-ը ցանկանում են հստակեցնել Nabucco-ի ուղին, այդ իսկ պատճառով Անկարայում սկսել են արագացված տեմպերով նախապատրաստել դիվանագիտական հարաբերությունների վերականգնման համար արձանագրությունը։ Դեռևս ժամանակը չէ խոսել այդ մասին պաշտոնական մակարդակով, սակայն երբ մեկ տարի առաջ սկսվեց ռուս-վրացական պատերազմը, ես կանխատեսում էի, որ Nabucco-ն Ադրբեջանից կանցնի Հայաստանի տարածքով դեպի Թուրքիա։ Եվ մեր ԱԳՆ ղեկավարը հաստատել էր, որ դա լավ գաղափար է»։
Tuesday, September 8, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment