Saturday, September 5, 2009

Հայ-թուրքական արձանագրությունները ստորագրելը միանշանակ վկայում է, որ «այս իշխանությունները հայ ժողովրդի հետ ընդհանրապես կապ չունեն»

«ՀԵՏՔ» 4-9-2009- «Միանշանակ իշխանություններից պետք է պահանջենք, որ այդ իշխանությունները, ովքեր գնացին և ստորագրեցին նման դավաճանական փաստաթղթեր, անպատճառ հրաժարվեն կամ իրենց պաշտոններից, կամ նախաստորագրություններից»: Այս մասին սեպտեմբերի 3-ին «Միացում» ազգային նախաձեռնության կազմակերպած «Ոչ մի թիզ հայրենի հողից» հավաք-քննարկման ժամանակ ասաց Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակացության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը` մեկնաբանելով օգոստոսի 31-ին ստորագրված հայ-թուրքական արձանագրությունը: Պատգամավորի խոսքերով` մենք պետք է բոլորին, լինի դա Եվրոպան, ԱՄՆ-ն, թե Ռուսաստանը, միահամուռ ուժերով ասենք, որ Հայաստանը և Արցախը մեր հայրենիքն է, և մենք բացարձակապես չենք պատրաստվում մեր հայերնիքը զիջել որևէ մեկին կամ խախտել մեր սահմանները: «Սահմանի տեղաշարժը, որի մասին արդեն գրեթե 2 տարի է, խոսվում է, անխուսափելի բերելու է նրան, որ մեր պետականությունը, հնարավոր է` մենք կորցնենք: Մեր բոլորիս երազած պետականությունը»,- ասաց Զարուհի Փոստանջյանը` անդրադառնալով «Մադրիդյան սկզբունքներով» պարտադրող հայկական ազատագրված տարածքների` Ադրբեջանին հանձնելուն: Նրա համոզմամբ` այժմ պահը շատ վճռորոշ է, և «մեզանից ցանկանում են փաստացի օտարել» մեր հայրեինքի անբաժանելի մասը` Արցախը, որի անկախությունը «մենք շատ դժվարությամբ ենք այսօր նվաճել», և դժվարությամբ ենք պահում: Զարուհի Փոստանջյանի խոսքերով` այնուամենայնիվ, դժվարությունները կարելի է հաղթահարել, եթե ունենանք միասնական կամք և միասնական մոտեցում մեր իշխանավորների հետ` մեր պետականության, անկախության վերաբերյալ: «Բայց ցավալի է, որ այսօրվա իշխանությունները օտարված են մեր ժողովրդից, և միանաշանակ է, որ նրանց մտադրությունները բացարձակ չեն համընկնում մեր ժողովրդի շահերի, ցանկությունների և մտադրությունների հետ»,- ասաց «Ժառանգության» պատգամավորը: Նրա կարծիքով` վերջին շրջանում տեղի ունեցող իրադարձությունները, մասնավորապես օգոստոսի 31-ին ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները, «միանշանակ վկայում են, որ այս իշխանությունները հայ ժողովրդի հետ ընդհանրապես կապ չունեն»: «Այս իշխանությունները մեր ժողովրդի կամքը և շահը չեն կարողանում արտահայտել: Նրանցից ոմանք դիտավորյալ, ոմանք չգիտակցելով ոչ թե հայ ժողովրդի շահերն են սպասարկում, իրականացնում են մեր ժողովրդի ծրագիրը, այլ օտար երկրների, օտար պետությունների շահերն են այստեղ սպասարկում»,- ասաց Զարուհի Փոստանջյանը: Պատգամավորի համոզմամբ` այս իրավիճակում ժողովուրդը հույսը պետք է դնի միմիայն իր վրա: «Ինչպես 20 տարի առաջ Արցախյան գոյամարտում մենք հույսներս դրել էինք մեզ վրա, մեր ժողովրդի սերուցքն էր, որ կարողացավ հաղթահարել այդ պատերազմը և ունենալ նվաճումներ, պատերազմում հաղթող հանդիսանալ, և միայն մեր ժողովրդի զավակների և մեր ուժերի հիման վրա մենք կարող ենք, այո, այս վտանգը ևս մեկ անգամ հաղթահարել»,- ասաց Զարուհի Փոստանջյանը:

No comments: