Saturday, September 5, 2009

Խորհրդարանը կարող է քննարկել Ադրբեջանին իրավական պատասխանատվության կանչելու հարցը

Tert.am 4-9-9- Այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը քննարկեց Լարիսա Ալավերդյանի հեղինակած և 2008թ. դեկտեմբերի 24-ին շրջանառության մեջ դրված «1988-1992 թթ. ընթացքում Ադրբեջանական ԽՍՀ-ի բոլոր և ԼՂԻՄ-ի (հետագայում ԼՂՀ-ի) բազմաթիվ բնակավայրերում Ադրբեջանական իշխանությունների կողմից տեղի հայ բնակչության նկատմամբ իրագործված ցեղասպանության մասին» ԱԺ հայտարարության նախագիծը։ Այն նախկինում քննարկվել էր նույն հանձնաժողովում և որոշում էր ընդունվել մինչև 90 օրով հետաձգելու մասին (ԱԺ համապատասխանը որոշումը` 2009թ. մարտի 16-ին)` հայտարարության տեքստը լրամշակելու, հիմնավորման մի մասը հայտարարության մեջ տեղափոխելու, հանձնախումբ ստեղծելու և հեղինակին առաջարկություններ ներկայացնելու, ինչպես նաև ԱԳՆ-ի վերաբերմունքը պարզելու հիմնավորումներով։ Օրինագծի հեղինակը այսօր ներկայացրեց, որ հաշվի է առնված այս 90 օրերի ընթացքում իրեն ներկայացված միակ գրավոր առաջարկությունը` ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի օրենսդրության վերլուծության վարչության կողմից, որով նույնպես առաջարկվել էր հիմնավորումների զգալի մասը տեղափոխել հայտարարության տեքստ։ «Ժառանգություն» կուսակցության մամուլի ծառայության հաղորդմամբ, Հանձնաժողովը քննարկեց հեղինակի կողմից փոփոխություններով լրամշակված տարբերակը։ Նախագահ Ա.Ռուստամյանը ներկայացրեց, որ ԱԳՆ–ի վերաբերմունքը պարզելու (որը եղել է օրինագծի քննարկումը հետաձգելու որոշման հիմքերից մեկը) նպատակով ունեցած հանդիպման արդյունքում իր կողմից պատրաստվում է այլ նախագիծ, որի նպատակը ոչ թե հայտարարության առանցքում 1988-92թթ. տեղի ունեցածը Ցեղասպանություն որակելն է, այլ սանձազերծված պատերազմի ու դրան հանգեցրած հիշյալ իրադարձությունների համար Ադրբեջանին իրավական պատասխանատվության կանչելու հարցի բարձրացումը։ Լ.Ալավերդյանը պատրաստակամություն հայտնեց աշխատել այս և հանձնաժողովում հնչեցված բանավոր առաջարկների հեղինակների (Արմեն Ռուստամյան, Էռնեստ Սողոմոնյան) հետ` դրանք հայտարարության մեջ ներառելու շահագրգռությամբ։ Քննարկումների արդյունքում Արմեն Ռուստամյանի և Սերյոժա Աբրահամյանի կողմից Լ.Ալավերդյանի նախագծի քննարկումը հետաձգելու մասին փոխլրացնող առաջարկներ հնչեցին։ Մասնավորապես, հանձնաժողովի քվեարկությամբ դրա քննարկումը հետաձգվեց մինչև 30 օրով, որի ընթացքում գրավոր առաջարկները ստանալուն պես Լ.Ալավերդյանը և Ա.Ռուստամյանը ձեռնամուխ կլինեն միասնական տարբերակ ստեղծելու աշխատանքներին։ Անհամաձայնության դեպքում` հանձնաժողովի քննարկմանը կներկայացվեն ԱԺ հայտարարության 2 տարբերակներ։

No comments: