Wednesday, October 21, 2009

Կարսի պայմանագրի դենոնսացիան Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման անվտանգության երաշխիքն է

/PanARMENIAN.Net/ 20.10.2009 - «Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործում Հայաստանը պետք է դենոնսացիայի ենթարկի Կարսի պայմանագիրը, չեզոքացնելու համար ադրբեջանական գործոնը, այդպիսով, խնդիրներ ստեղծելով Ադրբեջանի համար Նախիջեւանի հարցում»,-մամլո ասուլիսում հայտարարել է ԼՂՀ ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը: Ըստ Մելիքյանի, Հայաստանը, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման տեսակետից այնպիսի գործընթացի մեջ է մտել, որից հնարավոր չէ նահանջել: Նա նաեւ հավելել է, որ այդ գործընթացում Հայաստանը պետք է գնա Հայ-թուրքական արձանագրությունների վավերացմանը Կարսի պայմանագրի դենոնսացիայի միջոցով, եթե ոչ, «մենք կզրկվենք մեզ համար բավական շահավետ դիվանագիտական գործիքներից, որոնք մեզ պետք կգան այս գործընթացում»: PanARMENIAN.Net-ի թղթակցի այն հարցին, թե որքանով է հարկավոր, որ Հայաստանը դենոնսացիայի ենթարկի Կարսի պայմանագիրը, եթե Ադրբեջանը, հրաժարվելով ԱզԽՍՀ իրավահաջորդը լինելուց, արդեն իսկ չի հանդիսանում այդ պայմանագրի կողմը, Մելիքյանը նշել է, որ իրականում, իրավական տեսակետից Ադրբեջանը չի հանդիսանում Կարսի պայմանագրի կողմ: «Սակայն քանի որ Հայաստանի ղեկավարությունը լռում է այդ գործոնի հարցում, հարկավոր է, որ ՀՀ-ն դենոնսացիայի ենթարկի Կարսի պայմանագիրը, նոր պայմանագրային հարաբերություններ կնքի Թուրքիայի հետ (նույնիսկ ճանաչելով Թուրքիայի սահմանները), այդպիսով պահպանելով Նախիջեւանի հարցը բարձրացնելու հնարավորությունը»,-ասել է ԼՂՀ ԱԳ նախկին նախարարը:

No comments: