Wednesday, October 21, 2009

Ադրբեջան. Թուրք գործարարների առջև պայման է դրվել

Panorama.am. 20-10-2009- Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերություններում առաջացած իրավիճակը գնալով թեժանում է: Այս մասին գրում է «Ազադլիգ» պարբերականը: Պարբերականը մեջբերումներ է կատարել նաև թուրքական ԶԼՄ-ից: Պետական դրոշների վերաբերյալ ամոթալի մերկացումները շարունակվում են: Թուրքական զանգվածային լրատվամիջոցները հայտնել են, որ առաջին պետությունը, որն իջեցրել է թուրքական դրոշը, դարձավ Ադրբեջանը: Թուրքական ԶԼՄ-ի տեղեկացմամբ` պաշտոնական Բաքուն թուրք գործարարների առջև նախապայման է դրել: Նրանք երկու տարբերակ ունեն, գնալ իրենց երկրի վարչապետի` Ռեջեբ Թայիբ Էրդողանի դեմ կամ լքեն Ադրբեջանը: Հիշեցնենք, որ նախօրեին, թուրքական ԶԼՄ-ը արդեն իսկ հայտնել էին, որ Ադրբեջանում ձեռնարկատիրական գործունեություն ծավալած թուրք գործարարների ընկերություններում տոտալ ստուգումներ են սկսվել: «Ազադլիգի» լրատվականի տեղեկացմամբ` հոկտեմբերի 17-ին, ադրբեջանական իշխանությունները, վերանորոգման քողի տակ, փակել են թուրքական Մեխտիաբադե մզկիթը: Հիշեցնենք, որ մզկիթը կառուցվել էր դեռևս 1999 թվականին, Թուրքիայի կրոնական հարցերով գերատեսչության կողմից և դժվար թե 10 տարվա ընթացքում մզկիթը լուրջ վերանորոգման կարիք ունենար: Ադրբեջանցի փորձագետները վերլուծել են առկա խնդիրների առաջացման պատճառները և նշել, որ «շոգեքարշն արդեն թափ է հավաքել»: Նրանց համոզմամբ` ադրբեջանական կողմն արդեն ոչինչ անել չի կարող, որովհետև ետ է մնացել ներկայումս ընթացող գործընթացներից: Իսկ այս ամենի հետևանքը, մեղմ ասած, ստեղծված «անհարմար» իրավիճակն է: Այսօր ամբողջ աշխարհը ողջունում է Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, իսկ Ադրբեջանը, լավագույն դեպքում, իր դաշնակիցներին կոչ է անում սառեցնել այդ գործընթացը: Ադրբեջանի կողմից իրականացվող նմանատիպ քաղաքական գիծը դժվար թե համարվի հաղթական:

No comments: