Thursday, October 22, 2009

Թուրքիայի ԱԳ նախարարը մի շարք էական բացահայտումներ է արել իր երկրի մտադրությունների մասին

News,am. 21-10-2009- Թուրքիայի խորհրդարանում հայ-թուրքական ստորագրված արձանագրությունների հետ կապված տեղեկություններ է տվել Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Iha կայքէջը։ Նա մասնավորապես ասել է. «Կովկասում այժմ փոխադարձ տնտեսական հարաբերությունները աղքատիկ են։ Ցավոք, Հարավային Կովկասում մշակութային տարբեր աստիճաններում գտնվող ազգերը միմյանցից անջատ են։ Անհնար է ձայն չհանել գոյություն ունեցող „ստատուս քվոյի“ հետ կապված։ Մեր նպատակն է ամրացնել տնտեսական հարաբերությունները՝ համատեղ անվտանգության գոտի ստեղծելով։ Այս „ստատուս քվոն“ եղբայրական Ադրբեջանի շահերից չէ, որովհետեւ ադրբեջանական հողերը երկար տարիներ „բռնազավթված“ են։ Այս „ստատուս քվոն“ Հայաստանի եւ մեր շահերից էլ չէ։ Մենք ցանկանում ենք, որ Կովկասում լարվածությունը վերանա։ Մի քանի տարի առաջ այս ուղղությամբ սկսած մեր քաղաքականությունը երեք հիմնական նպատակ է հետապնդում. 1. Մենք ցանկանում ենք Հայաստանի հետ լավ հարեւանություն ստեղծել։ 2.Հարյուրավոր տարիներ միասին ապրած հայ եւ թուրք ժողովուրդների միջեւ նախկինում տեղի ունեցած ցավալի իրադարձությունների հետ կապված մթնոլորտը պետք է վերացվի։ 3. Պետք է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ առկա լարվածությունը վերացնել եւ խնդրի կարգավորման առաջը բացել։ Ստորագրված արձանագրություններում շատ կետեր կան։ Թուրքիա-Հայաստան սահմանների ճանաչումը պայման է։ Երկու երկրների միջեւ սահմանները ճանաչվում են միջազգային նորմերի համաձայն։ Ոչ ոք չի կարող նույնիսկ համարձակվի Թուրքիային հողային պահանջ ներկայացնել։ Սեւրի պայմանագիրը չի կարող կրկին օրակարգ գալ։ Համատեղ պատմական հանձնաժողովի հետ կապված դեռեւս 2005 թվականին թուրքական խորհրդարանի որոշումը կա, որը հայ եւ թուրք ժողովուրդներին հաշտեցնող որոշում է։ Մեր վարչապետը այդ կապակցությամբ նամակ է գրել Հայաստանի այն ժամանակվա նախագահին։ Այս շրջանակներում ենթահանձնաժողովը աշխատանքները կսկսի։ Մեր երրորդ նպատակը Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հակամարտության լուծման հասնելն է։ Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման ժամանակահատվածում Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ 17 տարի տեւող լարվածությունը սկսել է թուլանալ եւ կարգավորումը սկսել է արագանալ։ Սա տեսնելու համար համբերություն է պետք։ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը մեր տարածքային ամբողջականության պես սուրբ է։ Այս խնդրում Թուրքիայի չափ ջանքեր գործադրող մեկ այլ երկիր չկա։ Մեր նախագահը այս հարցով խոսել է թե՛ ԱՄՆ նախագահ Օբամայի, թե՛ ՌԴ նախագահ Մեդվեդեւի հետ։ Մինչ արձանագրությունների ստորագրելը՝ այս հարցով ես հանդիպեցի ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ։ Այս հակամարտությունը կարգավորելու համար մեր ձեռքից եկած ամեն ինչ կանենք։ Արձանագրությունների հաստատման ժամկետ որոշելը մեր Ազգային ժողովի իրավասությունն է»,-ասել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն։

No comments: