«ԱԶԳ» 2, 23-10-2009- «Կալիֆոռնիա կուրիեր» շաբաթաթերթի հրատարակիչ եւ խմբագիր Հարութ Սասունյանն անդրադառնում է վերջին շրջանում Իսրայելի եւ Թուրքիայի միջեւ առաջացած լարվածությանը: Ստորեւ թարգմանաբար տպագրում ենք նրա հոդվածը չնչին հապավումներով:
Իրենց օսմանյան նախորդների քաղաքական ճարպիկ խաղերը շարունակելով, Թուրքիայի ներկա ղեկավարները տարբեր դիմակներով են ներկայացնում իրենց երկիրը աշխարհին, մերթ որպես եվրոպական եւ մերձավորարեւելյան, մերթ որպես իսլամական եւ աշխարհիկ, իսկ երբեմն էլՙ ե՛ւ իսրայելամետ, ե՛ւ արաբներին համախոհ:
Բայց կարծես ժամանակը եկել է վերջ դնելու այդ խաղերից գոնե մեկին: Իսրայելի պաշտոնական այրերն ի վերջո արթնացել են իրենց երկարատեւ թմբիրից եւ հասկացել, որ իրենց երբեմնի «ռազմավարական գործընկերը» շատ ավելի թշնամական է տրամադրված, քան իրենց արաբ հակառակորդները:
Արդեն երկար ժամանակ է, ինչ թուրք առաջնորդները Իսրայելին ամեն տեսակի տհաճ անուններով են պիտակավորումՙ մեղադրելով նրան բարբարոսական գործողություններ եւ ցեղասպանություն գործելու մեջ: Տարօրինակ էր, բայց Իսրայելը ցարդ խոր ընդվզում չէր ցուցաբերել հակառակ թուրք հասարակության մեծ մասի արտահայտած նացիզմի եւ հակասեմականության հետեւողական պոռթկումների:
Թուրքական թշնամանքի նորագույն օրինակը Իսրայելին չներառելն էր բազմազգ զորավարժություններում, որոնք տեղի ունեցան Թուրքիայում հոկտեմբերի 12-ին: Ի նշան բողոքիՙ Մ. Նահանգները, Իտալիան եւ Հոլանդիան չնշեցին զորավարժություններին իրենց մասնակցությունը: Այնուհետեւ ավելի վրդովեցուցիչ քայլ կատարելովՙ Թուրքիան հայտարարեց, որ փոխարենը համատեղ զինավարժություններ է անցկացնելու Սիրիայի հետ, որն Իսրայելի գլխավոր թշնամին է:
Թուրքիայի վարչապետ Էրդողանն անցյալ շաբաթ «Անատոլիա» լրատվական գործակալությանը հայտարարեց, որ Իսրայելին չներառելը զինավարժություններում պայմանավորված էր թուրք ժողովրդի պահանջով: «Թուրքիան ոչ ոքից հրամաններ չի ստանում իր ներքին գործերը կարգավորելու խնդրում», հպարտացավ Էրդողանը: Որոշ թուրք պաշտոնյաներ նշեցին, այդուհանդերձ, որ արգելքը դրվել էր, որովհետեւ զինավարժություններին Իսրայելի ներկայացնելիք ռեակտիվ ինքնաթիռներն այս տարվա սկզբներին մասնակցել էին Գազայի շրջանի ռմբակոծություններին:
Այս միջադեպը նշանակալի զարգացում է մատնանշումՙ Իսրայելի հանդեպ տածած Թուրքիայի վաղեմի դառնության: Առաջին անգամ Թուրքիայի զինվորականությունը միացավ քաղաքացիական կառավարությանըՙ որդեգրելով հակաիսրայելական դիրքորոշում: Ավելին, Թուրքիան առաջ անցնելով բանավոր մեղադրանքներիցՙ ձեռնարկեց կոնկրետ գործողություն: Տարիներ շարունակ Իսրայելի կառավարությունը հանդուրժում էր թուրք պաշտոնյաների վիրավորանքները, քանի որ իր ռազմաօդային ուժերին թույլատրվում էր օգտագործելու Թուրքիայի օդային տարածքը, եւ հետախուզությունն էլ համագործակցում էր թուրք գործընկերների հետ: Իսրայելը նաեւ ծանր հրետանի էր վաճառում Թուրքիային:
Սակայն իսրայելցիների զայրույթը կրկնապատկվեց, երբ անցյալ շաբաթ թուրքական հեռուստակայանից հեռարձակվեցին տեսարաններ, թե ինչպես են իսրայելցի զինվորները սպանում պաղեստինցի երեխաներին եւ գործում այլ բռնարարքներ:
Իսրայելի արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանը դրան արձագանքեցՙ Թուրքիայի դեսպանին իր մոտ հրավիրելով եւ մեղադրելով Թուրքիայինՙ իսրայելցիների հանդեպ թշնամանք սերմանելու մեջ: Նա նշեց, որ նույնիսկ Իսրայելի թշնամիները նման թշնամական հեռուստասերիալներ չեն ցուցադրում: Իսկ Իսրայելի փոխվարչապետ Սիլվան Շալոմը Թուրքիայից պահանջեց «խելքի գալ»: Մեկ ուրիշ պաշտոնյա ավելացրեց. «Մենք պետք է դադարենք հանդուրժել թուրքական թելադրանքներն ու նսեմացումները»: Անհասկանալի է, թե ինչու նրանք ամեն առիթով մեզ վիրավորելու են եւ մենք շարունակելու ենք լուռ մնալ»:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն կտրականապես մերժեց Թուրքիայի միջնորդական դերը Սիրիայի հետ բանակցություններում: «Հաարեց» թերթն առանց անունը նշելու մեջբերել էր իսրայելցի մի ավագ պաշտոնյայի խոսքերը, որ ռազմավարական կապերը Թուրքիայի հետ կարծես «ավարտվել են պարզապես»: «Ջերուսալեմ փոստը» իր հերթին նշել էր, որ «Թուրքիային առաջնակարգ զենքեր վաճառելու հարցը վերանայման կարիք ունի»:
Անցյալ շաբաթ նաեւ հասարակությանը կոչեր էին արվումՙ բոյկոտելու թուրքական առողջարաններ այցելությունները: Հանրային ռադիոն (NPR) հաղորդեց, որ Իսրայելի ամենամեծ արհմիությունը այսուհետեւ դեպի Թուրքիա շրջագայություններ չի կազմակերպելու իր հազարավոր աշխատողների համար: Փոխարենը նրանց առաջարկելու է այցելել Հունաստան եւ Բուլղարիա: Ըստ «Թայմ» պարբերականի, հունվարից այս կողմ 47 տոկոսով նվազել է Թուրքիայում հանգստացող իսրայելցիների թիվը: Սրճարանային ցանցի մի հրեա սեփականատեր հայտարարել է, որ այսուհետեւ հաճախորդներին չի սպասարկելու թուրքական սուրճ: Իսկ կառավարության շատ անդամներ աննախադեպ քայլ կատարելովՙ հավաստել են, որ ներկա չեն գտնվելու Թուրքիայի անկախության օրվա առթիվ թուրքական դեսպանատան կազմակերպած երեկոյին:
Մեծ թվով վրդովված հրեաներ գտնում են, որ որպես հակաքայլ Իսրայելը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը: «Իսրայել Հայոմ» թերթում Դան Մարգալիտը թուրքերին մեղադրում է ոչ միայն ցեղասպանություն գործելու, այլեւ կատարվածը ժխտելու եւ իրենց զայրույթն արտահայտող ուրիշ երկրների դեմ պայքարելու «շարունակվող ոճրագործության մեջ»:
Ռամաթ Գանում գտնվող Բար-Լան համալսարանը ռազմավարական ուսումնասիրությունների կենտրոնի (BESA) վարիչ Եֆրայիմ Ինբարը հիշեցնում է թուրքերին, որ նրանք դեռեւս կարիք ունեն «Վաշինգտոնում Իսրայելի ներգործությանը, որպեսզի Կոնգրեսը չընդունի հայկական ցեղասպանությունը հաստատող բանաձեւը»:
Իսրայելական «Իմ թիրձու» ուսանողական շարժման մասնակիցներն անցյալ շաբաթ թուրքական դեսպանատան առաջ բողոքի ցույց են անցկացրելՙ պահանջելով Թուրքիայից ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Նրանք ցեղասպանության զոհերի արյունոտ պատկերներն են ցուցադրել եւ անցորդներին գրքույկներ բաժանել Հայոց ցեղասպանության մասին:
Թուրք ժխտողականների հետ համագործակցելու իր անցյալի մեղքը քավելու համար Իսրայելն առաջին հերթին պետք է պաշտոնապես ճանաչի Հայոց ցեղասպանության փաստը եւ քարոզչություն ծավալի, որպեսզի այլ պետություններ եւս ճանաչեն: Իսրայելը նաեւ պետք է թույլատրի երեւելի մի վայրում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող մի հուշարձանի կառուցումը եւ վերանայի այդ թեմայով վավերագրական ֆիլմերի հեռուստատեսային ցուցադրման արգելքը: Իսրայելի համար, անկասկած, ավելի շահեկան է լինել ցեղասպանության զոհերի, քան ցեղասպանությունը գործադրողների կողմը:
Փոխանակ ամեն գնով պահպանելու Թուրքիայի հետ պիղծ մեղսակցությունը, Իսրայելը պետք է լրջորեն հետամուտ լինի խաղաղություն հաստատելու պաղեստինցիների հետ եւ խաղաղորեն ապրելուՙ իր արաբ հարեւանների հետ:
Թարգմ. Հ. Ծ.
Saturday, October 24, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment