Thursday, October 22, 2009

ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԸ «ՋՂԱՅՆԱՆՈՒՄ» ԵՆ ՆԱԵՎ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՎՐԱ

«ԱԶԳ», 22-10-2009- Հոկտեմբերի 14-ին Բաքվում կայացած Ադրբեջան-Ռուսաստան ֆուտբոլային խաղից հետո Ադրբեջանում բարձրացել է հսկայական հակառուսական հիստերիա: Ադրբեջանական «Ազադ Ադրբեջան» հեռուստաալիքը հոկտեմբերի 15-ի իր եթերը ամբողջովին լցրել է հակառուսական քարոզչությամբ: Ահա թե ինչ է հնչել ալիքի եթերից. «Հոկտեմբերի 15-ին մենք երկու հզոր երկրների ցույց տվեցինք, թե ով ենք մենք. Ռուսաստանին` ֆուտբոլի դաշտում (խաղը ավարտվել է 1-1-Հ.Ա. ), եւ Թուրքիային` տրիբունաներում: Այդ օրը յուրաքանչյուր ադրբեջանցի ցանկանում էր հաղթել ռուսներին, չէ՞ որ Ռուսաստանի քաղաքականությունը երբեմն անտանելի է դառնում: Չմոռանանք, որ նույն ռուսները 200 տարի առաջ միավորվելով Իրանի հետ` մասնատեցին Ադրբեջանը` թաթախելով իրենց ձեռքերը ադրբեջանցի ժողովրդի արյան մեջ: Չմոռանանք նաեւ, որ Ռուսաստանն էր, որ Ղարաբաղի պատերազմի ժամանակ զինում էր հայերին` մեր դեմ: Եվ ահա, փոքրիկ մեր երկիրը երեկ կարողացավ դիմակայել ռուսներին` տալով նրանց փոխադարձ հարված»: Ադրբեջանական ալիքը նշում է, որ խաղի ժամանակ ադրբեջանցիները ուսուցողական դասեր են տվել նաեւ Թուրքիային. «Չնայած Թուրքիան մեզ համար միշտ էլ եղել է չափանիշ, սակայն, ի տարբերություն նրանց, մենք մեր խաղի ժամանակ մարզադաշտի երեւացող տեղերում կախել էինք թուրքական դրոշներ, թող այս հարցում էլ նրանք մեզնից օրինակ վերցնեն, թե ինչպես իրեն պետք է պահի իսկական «եղբայրը»»: Հիշեցնենք, որ նույն օրը թուրքական Բուրսայում մրցում էին հայկական եւ թուրքական թիմերը. ադրբեջանական դրոշներ մարզադաշտում չէին երեւում` տարօրինակ «եղբայրություն»: ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ

No comments: