Tuesday, October 20, 2009

ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ «ԿԱՌՈՒՑՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ»

«ԱԶԳ, 20-10-2009- Ադրբեջանում հակաթուրքական հիստերիա է սկսվել` որոշ վայրերից հեռացնում են թուրքական դրոշները, ծայրահեղական շրջանակներից հակաթուրքական հայտարարություններ են հնչում: Սակայն մշտական հակահայկական հայտարարությունների ալիքը եւս չի թուլանում: Ադրբեջանի արտաքին գերատեսչության ներկայացուցիչ Էլհան Պոլուխովը երեկ ասել էր, թե ղարաբաղյան կարգավորման բանակցություններում Ադրբեջանը միշտ հանդես է եկել կառուցողական դիրքերից, իսկ Հայաստանին էլ մեղադրել էր ձեռք բերված պայմանավորվածություններից հրաժարվելու մեջ: Արձագանքելով այս հայտարարությանը` Հայաստանի ԱԳՆ-ի լրատվամիջոցների հետ կապի բաժնի վարիչ Տիգրան Բալայանը նկատել է. «Ըստ երեւույթին պարոն Պոլուխովը նկատի ունի այն «կառուցողականությունը», որով Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսեց Արցախի ժողովրդի դեմ, այն «կառուցողականությունը», որով հրաժարվեց 2001 թ. փարիզյան սկզբունքներից, որոնք թղթին հանձնվեցին Քի Վեսթում, կամ էլ այն «կառուցողականությունը», որով Ադրբեջանը գրեթե մեկ տարվա ընթացքում հերքում էր 2007 թ. ներկայացված մադրիդյան փաստաթղթի գոյությունը: Կարծում եմ` Պոլուխովի «կառուցողականությունը, կարող է հասկանալ միայն ինքը` Պոլուխովը»:

No comments: