Thursday, October 29, 2009

Թուրք վերլուծաբանը Ադրբեջանի հետ հարաբերությունների վերանայման հարց է բարձրացնում

«Ազատություն» 28-10-2009- Թուրք վերլուծաբան Բուրչու Գյուլթեքին Փունսմանը կարծիք է հայտնել, որ գուցե կարիք կա վերանայելու Թուրքիա - Ադրբեջան հարաբերությունները: «Թուրքիան եւ Ադրբեջանը մեկ ազգ են, երկու պետություն, բայց երկուսը մեկ պետություն չէ: Ընտանիքի անդամները շատանում են», - գրել է Տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամի վերլուծաբանը: «Թուրքիայի աջակցությունը Ադրբեջանին արտահայտվում է Հայաստանի հետ սահմանը փակ պահելով», - արձանագրում է նա` հավելելով, որ «խորհրդանշական ժեստից ավելի դա ոչինչ չի տվել»: Բուրչու Գյուլթեքին Փունսմանը նաեւ գտնում է, որ հայ - թուրքական թույլ հարաբերությունները խոչընդոտում են պաշտոնական Անկարային ազդեցիկ դերակատարություն ունենալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում. - «Վերջին 17 տարիներին Թուրքիայի կողմից Հայաստանի բոյկոտը ոչինչ չի տվել հակամարտության լուծմանը, դժվար է համաձայնել, որ Հայաստանի հետ սահմանը փակ պահելու պնդումները որեւէ դրական նշանակություն ունեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման համար»: Բացի այդ, շարունակում է նա, «Թուրքիայի քաղաքականությունը սահմանափակում է Անկարայի պոտենցիալ ազդեցությունը Հայաստանի վրա»: Գրելով, թե ներկայիս իրավիճակը օգտակար չէ Թուրքիային` իր քաղաքականությունը ակտիվացնելու առումով, թուրք վերլուծաբանը նաեւ կարծիք է հայտնում, որ ստատուս քվոն հազիվ թե օգտակար է նաեւ Ադրբեջանին: Նշելով, որ հարաբերությունները կարգավորելու` հայ - թուրքական երկխոսությունը խթանել է ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի հովանու ներքո ընթացող Ղարաբաղյան բանակցությունները, Բուրչու Գյուլթեքին Փունսմանը ընդգծում է. -«Իհարկե, անուղղակի կապ կա հայ - թուրքական հարաբերությունները կարգավորելու եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծելու միջեւ, բայց վերջին հաշվով նախապայման չպետք է լինի Անկարայի ու Երեւանի միջեւ հարաբերություններում»: «Ղարաբաղի խնդիրը 17 տարի նախապայման էր դրված, բայց կարգավորում ձեռք չի բերվել», - նշում է վերլուծաբանը եւ զգուշացնում. - «Եթե ստորագրված արձանագրությունների վավերացումը ձախողվի Թուրքիայի ու Հայաստանի խորհրդարաններում, Ֆրանսիայի, Ռուսաստանի ու Միացյալ Նահանգների միջնորդությամբ ընթացող Ղարաբաղի խնդրի լուծման բանակցությունները կանգ կառնեն, եւ Մինսկի խմբի հետաքրքրությունը այդ խնդրի նկատմամբ կթուլանա»: Նա շեշտում է, որ հայ - թուրքական հարաբերությունների կարգավորումը մեծապես կխթանի նոր զարգացումները` լուծելու համար Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը:

No comments: