Wednesday, October 21, 2009

ՓՈՂՈՑԻ ԱՂԲԸ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻ ՀԵՏ

«Լրագիր» 20-10-2009- «Միացում» ազգային նախաձեռնության անդամներ Տիգրան Խզմալյանը, Արմեն Եղյանն ու Ալեք Յենիգոմշյանր հոկտեմբերի 20-ին հանդիպել են լրագրողներին: Ալեք Ենիգոմշյանը խոսել է 10 օր առաջ Ծիծեռնակաբերդում հայ-թուրքական արձանագրությունների այրումով մեկնարկած Երեւանի բոլոր համայնքներում ստորագրահավաք անցկացնելու գործընթացի խոչընդոտների ու պատահարների մասին: “Հայ-թուրքական հարաբերությունների և արցախյան հարցում Մադրիդյան կոչված սկզբունքները մեզ համար միանշանակ անընդունելի են: Ուստի առաջին հերթին կոչ ենք անում Արցախի իշխանություններին ստանձնեն իրենց պատմական պատասխանատվությունը: Այս հարցում կամ կպարտվենք, կամ, հաղթանակելով Արցախի պայքaրում, կհաղթենք», ասում է Ալեք Յենիգոմշյանը: Ղարաբաղի պատերազմի մասնակից, «Միացում» ազգային նախաձեռնության անդամ Արմեն Եղյանն իր ելությում անդրադարձավ անցյալ հինգշաբթի Նոր Նորք համայնքում ստորագրահավաքի ժամանակ կատարվածին. «Քաղաքի տարբեր մասերում կենտրոնից սկսած ստորագրահավաքի ընթացքում դեպքեր լինում էին: Նոր Նորքում բանը հասավ նրան, որ փողոցի աղբը միլիցիայի հետ օպերացիա էին իրականացնում: Թաղապետարանի դիմաց մոտ 20-25 հոգի մոտեցան և սկսեցին պրովոկացիայի ենթարկել: Մի քանի սերժանտների մեզ իհարկե կցել էին, բայց նրանք շուտ ավարտված համարեցին իրենց գործն ու հեռացան: Այդ ընթացքում հայտնվեց մոտեցավ ոմն Աղաս` ներկայանալով քրեական բաժնի օպեր: Հաջորդ օրը պարզեցինք , որ այդպիսի մարդ գոյություն էլ չուներ»: Միջադեպը միակը չէ և հնարավոր է նաև կրկնություններ, գտնում է Տիգրան Խզմալյանը. “Սա նման է Կարսի և Բաթումի պայմանագրերի 4-րդ և 5-րդ կետերին, որտեղ նշվում է` կողմերը համաձայնության են գալիս հալածել ծայրահեղական շարժումները: Ստորագրված արձանագրության մեջ այս կետը մի քիչ փոփոխություններով նույնպես կա: Մենք մեր հերթին հայտարարում ենք` բոլոր նրանք, հատկապես երիտասարդները, ովքեր հալածվելու և բանտարկվելու են, մեր կողմից համարվելու են քաղաքական բանտարկյալներ, միջազգային ատյաններ էլ կդիմենք»: Վերջին քաղաքական զարգացումները «Միացումի» անդամները դիտում են որպես համազգային անվտանգության սպառնալիք: Տիգրան Խզմալյանի տվյալներով, մինչ օրս ստորագրահավաքին մասնակիցների թիվը անցնում է 9500-ը, այդ թվում նաև դաշնակցականներ: ԴԻԱՆԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

No comments: