Aysor.am. 14-10-2009- Ֆրանսիան միանում է Nabucco ծրագրի գազամուղի կառուցման աշխատանքերին` չնայած նրան, որ ոչ մի ֆրանսիական ընկերություն չէր միացել գազամուղի կառուցման կոնսորցիումին: Nabucco-ի ներկայիս տարբերակով գազամուղն անգամ չի անցնելու Ֆրանսիայի տարածքով:
«Reuters»-ը, հղում կատարելով իր աղբյուրներին, նշում է, որ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի և Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլիի միջև մեկ շաբաթ առաջ տեղի ունեցած հանդիպման ժամանակ Ֆրանսիայի նախագահը հայտարարել է, որ ֆրանսիական «GDF Suez» ընկերությունը առաջիկայում կարող է դառնալ Nabucco-ի մասնակից:
«GDF Suez»-ը անցյալ տարի հրաժարվել էր Nabucco-ի կառուցման ծրագրին միանալ` Անկարայի համառ դիմադրության պատճառով: Թուրքիայի իշխանությունները դժգոհ էին ԵՄ-ին Թուրքիայի անդամակցելու, ինչպես նաև` 1915 թ-ի Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում Ֆրանսիայի ունեցած դիրքորոշումից:
Nabucco-ն ԵՄ-ի կողմից իրականացվող ամենալայնածավալ ծրագիրն է, որի մատակարարներն են լինելու Ադրբեջանը, Թուրքմենստանը, Ղազախստանը և Իրանը: Ինչպես նշում է «Reuters»-ը, Իրանի վրա միջազգային արգելանքներ են դրված, իսկ Թուրքմենստանը և Ղազախստանը իրենց նավթի հիմնական մասը վաճառում են Ռուսաստանին և Չինաստանին: Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա նրա ռեսուրսները, պարզապես, չեն կարող բավարարել Nabucco-ին:
Նշենք, որ նախատեսվող 3.3 հազար կմ երկարությամբ գազամուղը Թուրքմենստանից ձգվելու է դեպի Ադրբեջան, որտեղից էլ` ԵՄ:
Գազամուղով նախատեսվում է ԵՄ ուղարկել տարեկան 26-32 մլրդ խ/մ գազ: Շինարարությունը ծրագրվում է սկսել 2011 թ-ից և ավարտել 2013 թ-ին: Nabucco-ի նախնական արժեքն է 7.9 մլրդ դոլար: Շինարարական կոնսորցիումի անդամ են Ավստրիան, Թուրքիան, Բուլղարիան, Ռումինիան, Հունգարիան, Գերմանիան:
Thursday, October 15, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment