«ԱԶԳ», 15-10-2009- «ՆԱՏՕ-ի գործողությունների առաջնային նպատակն է դաշինքի անդամ երկրների անվտանգության ապահովումը, զանգվածային ոչնչացման զենքի տարածման կանխումը», այսպես սկսեց Երեւան-Բրյուսել հեռուստակամուրջը ՆԱՏՕ-ի գործողությունների վարչության պետ Էրիկ Սանդալը : Խոսելով ՆԱՏՕ-ի լայնածավալ գործողություների մասինՙ Սանդալն առանձնացրեց հատկապես Աֆղանստանում եւ Կոսովոյում իրականացվող աշխատանքները: Վերջերս ՆԱՏՕ-ն գործողություններ է իրականացնում նաեւ ծովահենության դեմ: Սոմալի են ուղարկվել հատուկ ջոկատներ: Կոսովոյում ծրագրերի իրականացմանը մասնակցում են 70 հայ խաղաղապահներ: Ընթանում են ակտիվ բանակցություններ Աֆղանստանում «Այսաֆ» գործողությանը Հայաստանը ներգրավվելու ուղղությամբ: Գործողության նպատակն է աջակցել Աֆղանստանի իշխանություններինՙ երկրում ապահովելու կայունություն:
ՆԱՏՕ-ում Հայաստանի դեսպան Սամվել Մկրտչյանն էլ նկատեց, որ հայ խաղաղարարների գործունեությունը Կոսովոյում շատերն են բարձր գնահատել: «Հայաստանը ուժերի չափով աջակցում է անվտանգության ապահովմանը աշխարհում: Դա է պատճառը, որ հայ խաղաղարար զինվորների կուղարկենք Աֆղանստան», ասաց Մկրտչյանը: Նա նկատեց, որ հայերի մասնակցությունը «Այսաֆ» գործողությանը երկու նպատակ է հետապնդում` համեստ ներդրում ունենալ միջազգային անվտանգության ապահովման մեջ եւ բարձրացնել զինվորների մասնագիտական որակումները: Հայ խաղաղապահները տեղակայվելու են Բունդուս մարզում, պաշտպանելու են տեղի օդանավակայանի անվտանգությունն ու մարտական գործողություններում չեն ներգրավվելու:
ՆԱՏՕ-ի միջազգային անձնակազմի ներկայացուցիչ Լորենցո Մայեր-Մինեմանն էլ կարծիք հայտնեց, որ Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունները լավ են զարգանում: «Սա միայն իմ կարծիքը չէ: Այդ տեսակետն են արտահայտել թե՛ հայկական կողմը, թե՛ ՆԱՏՕ-ի անդամ երկրները: Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունները մեկնարկել են 16 տարի առաջ, եւ Հայաստանը «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում չափազանց ակտիվ է դրսեւորվել: Համագործակցության նախորդ տարիների փորձի վրա հենվելով կարելի է փաստել, որ բազմաթիվ ոլորտներում զգալի առաջընթաց է գրանցվում», ասաց նա:
ՆԱՏՕ-ի միջազգային անձնակազմի ներկայացուցիչը նկատեց, որ հայ-թուրքական հարաբերությունները կապ չունեն ՆԱՏՕ-Հայաստան հարաբերությունների հետ: «Հայ-թուրքական հարաբերությունների նորմալ զարգացումը դրական ազդեցություն կունենա ոչ միայն երկկողմ հարաբերությունների վրա, այլեւ` տարածաշրջանում անվտանգության ապահովման: Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունները բավական ամուր են, եւ կարիք չկա զուգահեռներ անցկացնելու Հայաստան-Թուրքիա հարաբերություններում կամ հաշվի առնելու այն փաստը, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է»:
ՀԱՍՄԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Thursday, October 15, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment