Friday, November 13, 2009

Թուրք պատգամավորն առաջարկում է քրդական հարցը լուծել քրդական կոտորածների կրկնությամբ

NEWS.am 13.11.2009 - Նոյեմբերի 12-ի թուրքական խորհրդարանի «Ժողովրդավարական նախաձեռնության» քննարկումները, կամ ինչպես ասում են «քրդական հարցի կարգավորման» քննարկումները կրկին անցան սկանդալային հայտարարություններով։ Ինչպես նախորդ անգամ՝ այս անգամ եւս աչքի ընկավ ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» (CHP) կուսակցությունը։ Այդ կուսակցության փոխնախագահ Օնուր Օյմենը, որը հայտնի է իր հակահայ եւ հակաքրդական խիստ պահվածքով՝ իր ելույթով կատաղեցրել է Թունջելիի (Դերսիմ) բնակչությանը։ Նրա ելույթի պատճառով Թունջելիի պատերին արդեն փակցվել են Օնուր Օյմենի նկարները՝ Հիտլերի նմանությամբ։ Թուրքական Radikal-ի փոխանցմամբ, Թունջելիի հասարակական եւ քաղաքական կազմակերպությունները մամուլի ասուլիս են հրավիրել եւ կոշտ արձագանքել Օյմենին։ Թունջելիի քաղաքապետ, տեղի Առեւտրա-արդյունաբերական պալատի նախագահը եւ այլ թունջելիցի պաշտոնյաներ կոչ են արել Օյմենին՝ ներողություն խնդրել Թունջելիի բնակիչներից։ Իսկ թուրքական Star-ի թղթակից Էրգուն Բաբահանը իր հրապարակման մեջ նշում է. «Ժողովրդահանրապետական» Օնուր Օյմենը երեկ խորհրդարանում ամոթալի ելույթ ունեցավ։ Քրդական հարցի կարգավորման համար, որպես օրինակ, նա մատնացույց արեց Դերսիմի 1937-1938 թվականի քրդական կոտորածները։ Օյմենը իր ելույթում հարցրեց, թե Դերսիմում մայրերը արտասվեցի՞ն։ Չեն արտասվել, որովհետեւ մայր չմնաց։ Մայրերին իրենց գրկում եղած երեխաների հետ միասին կոտորեցին։ Պարզ չէ, թե Դերսիմում 1937-1938 թվականներին քանի հոգու կոտորեցին։ Օնուր Օյմենը, որ այդ դեպքերը օրինակ է բերում՝ ինչու՞ դպրոցական գրքերում էլ չի քարոզում։ Պատմեք, հայկական տեղահանությունը, Դերսիմը։ Դուք պետությանը մի սպասեք, պատրաստեք դրանք ինչպես ձեր կուսակցության սեփականություն՝ քանի որ դրանք ձեր կուսակցության պատմության կարեւոր մասերն են",-նշում է թուրքական Star-ը։ Ի դեպ, «Ժողովրդահանրապետական» (CHP) կուսակցության հիմնադիրն ու հավերժ նախագահը՝ Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքն է։

No comments: