Thursday, November 12, 2009

ԹՈՒՐՔԻԱՆ ՍԵՓԱԿԱՆ ԽԱ՞ՂՆ Է ԽԱՂՈՒՄ

«Առավոտ» 11-11-2009- «Հայ-թուրքական արձանագրությունները ներառում են նախապայմաններ, որոնցից մեկն արդեն այնքան ակնառու է, որ նույնիսկ Հայաստանի իշխանությունները դա էլ չեն ժխտում: Դա, իհարկե, Արցախի խնդիրն է»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում ասաց «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը: Ի՞նչ է ցանկանում Թուրքիան՝ հարցին պատասխանելով, ՆԺԿ ղեկավար Արամ Կարապետյանը հիշեցնում է, որ Թուրքիան 1952 թ.-ից հանդիսանում է ՆԱՏՕ-ի անդամ եւ Արեւմտյան երկրների գլխավոր ներկայացուցիչը Մերձավոր Արեւելքում: «Եթե հաշվի չառնենք Իսրայելի գործոնը, ապա Թուրքիայի դերն ԱՄՆ-ի համար ամենամեծն է: ԽՍՀՄ-ի փլուզվելուց հետո 1993-ին ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցում նշվում էր, որ Թուրքիայի նկատմամբ պիտի մշակվի նոր քաղաքականություն, այդ քաղաքականության հիմքերը պիտի լինեին՝ թույլ չտալ նորանկախ պետությունների վերաինտեգրումը ՌԴ-ին եւ թուրքալեզու նոր պետությունների միջոցով նոր էներգակիրների մատչելիություն ապահովել: Այս ստրատեգիան նկատի ունենալով՝ Թուրքիան սկսել է իր յուրօրինակ խաղը»,- ասում է ՆԺԿ ղեկավարը: Նա պնդում է, որ ունենալով ԱՄՆ-ի աջակցությունը, ինչպես նաեւ լավագույնս ինտեգրված լինելով ԽՍՀՄ նախկին թուրքալեզու հանրապետություններին, Թուրքիան ցանկանում է դառնալ այնպիսի կայսրություն, որի նպատակի մասին դեռ 1992-ին Թուրքիայի նախագահ Թուրգուտ Օզալն ասել է. «Թուրքական աշխարհը դառնալու է Եվրասիական տարածաշրջանի դոմինանտը՝ Բալկաններից մինչեւ Չինական պարիսպ»: Արամ Կարապետյանը հիշեցնում է, որ դեռ 2000թ. մայիսին Թուրքիայի նախկին նախագահ Սուլեյման Դեմիրելը Բաքվում ուղղակիորեն նշել էր, որ ԽՍՀՄ փլուզումը տալիս է պատմական շանս՝ Մեծ Թուրանը վերականգնելու համար, եւ հավելում, որ 2002թ.-ից այս ամենին ավելանում է պանիսլամական գործոնը, քանզի իշխանության եկավ ներկայիս վարչապետ Էրդողանի Իսլամական կուսակցությունը: Շատ փաստեր թողնելով ապագային՝ մեր զրուցակիցը նաեւ նշում է, որ Թուրքիան այսօր տնտեսապես եւ աշխարհաքաղաքականապես ներկա է Մոլդովայում, Տաջիկստանում, Վրաստանում, Ադրբեջանում, Ուզբեկստանում, Ուկրաինայում, Մոնղոլիայում, Բալկանյան երկրներում եւ Կիպրոսում. «Սակայն Նախիջեւանի հետ 10 կիլոմետրանոց սահմանից բացի, Թուրքիան այլ թուրքալեզու պետությունների հետ ընդհանուր սահման չունի, եւ շատ կարեւոր է՝ չկորցնել այդ սահմանը: Ավելին, կարողանալ պահպանել իր ազդեցությունն Անդրկովկասում եւ Միջին Ասիայում: Թուրքիան այսօր դեռ չունի տնտեսական այնպիսի հնարավորություններ, որպեսզի կարողանա իրագործել ընդհանուր թուրքալեզու պետության ստեղծումը: Պարզ է, որ այս առումով նա կապված է հրեական կապիտալի հետ եւ պիտի օգտագործի ԱՄՆ-ի տնտեսական հզորությունը: Եվ այսպես, ստորագրելով ՀՀ-ի հետ արձանագրությունները, Թուրքիան ցանկանում է կատարել ԱՄՆ-ի «քաղաքական պատվերը» եւ ամրացնել սեփական վարկը տարածաշրջանում»: Կապված լինելով Թուրքիայի զինվորական ղեկավարության հետ, ըստ մեր զրուցակցի, ԱՄՆ-ը ցանկանում է մահմեդական աշխարհի համար ավելի ընդունելի դարձնել Թուրքիայի դերը, քան Իրանինն է. «Սունիական Թուրքիան ավելի լավ կարող է ինտեգրվել որպես մահմեդական աշխարհի առաջնորդ, որովհետեւ մահմեդականների 80 տոկոսը սունիներ են: ԱՄՆ-ն շատ լավ հասկանում է, որ լավ է գործ ունենալ աշխարհիկ Թուրքիայի հետ, քան «իմամների» երկիր Իրանի: Սակայն այս դրությունը փոխվել է 2002թ.-ից, քանզի Էրդողանն ավելի հակված է սեփական խաղը տանել եւ քայլեր է ձեռնարկում մերձենալու թե արաբական աշխարհի եւ թե Իրանի հետ: ԱՄՆ-ն եւ Թուրքիան հիմա այդ հարցում տարաձայնություններ ունեն, դրա համար էլ ԱՄՆ-ն ամեն ինչ անում է Թուրքիային ԵՄ-ին ինտեգրելու համար՝ փորձելով դարձնել նրան ավելի աշխարհիկ»: Բացի այդ, ըստ ՆԺԿ ղեկավարի, Թուրքիան եւ Լեհաստանն այն երկու լծակներն են, որոնց միջոցով ԱՄՆ-ը փորձում է իր կողմից Հին Եվրոպայի կառավարելիությունը պահպանել: Մյուս խնդիրը, որն ԱՄՆ-ը դնում է իր առաջ՝ Թուրքիայի միջոցով մտնել էներգակիրներով հարուստ թուրքալեզու Անդրկովկաս եւ Միջին Ասիա. «ԱՄՆ-ն ամեն ինչ անելու է, որպեսզի Թուրքիան մնա տարածաշրջանային խաղացող, սակայն դեմ է Թուրքիայի ինքնուրույն խաղին: Ստիպելով ստորագրել արձանագրությունները՝ ԱՄՆ-ը փորձում է լուծել բարդ թնջուկ՝ մի կողմից Թուրքիայի համար դեպի Եվրոպա ճանապարհ բացելով, մյուս կողմից՝ հանելու հայերի ցեղասպանության «գլխացավանքը»: Մեր զրուցակիցը փաստում է, որ ՌԴ-ն նույնպես դեմ է Թուրքիայի սեփական խաղին, սակայն ստիպված է հաշվի նստել թուրքական գործոնի հետ. «Էներգակիրների խնդրի հետ կապված, Թուրքիան սկսել է տարածաշրջանում կարեւորագույն դերերից մեկը խաղալ: ՌԴ-ն ամեն գնով ցանկանում է պահպանել Թուրքիայի հետ բարիդրացիական հարաբերությունները՝ մտածելով, որ կօգտագործի իսլամիզացիայի գործոնը եւ կպոկի Թուրքիան ԱՄՆ-ից: Հենց ՌԴ-ի ներսում կան ուժեր, որոնք այս մտայնությանը խիստ բացասական են վերաբերվում: Հասկանալի է, որ «Գազպրոմը» Թուրքիայի անհրաժեշտ գազի 63 տոկոսի ապահովողն է, հասկանալի է նաեւ, որ Թուրքիան շահագրգռված է այդ գազի ստացման եւ իր տարածքով նոր գազամուղների անցկացման մեջ: ՌԴ-ն տարեկան 2 միլիարդ դոլարի նավթ եւ 1,5 միլիարդ դոլարի նավթամթերք է արտահանում Թուրքիա: Բացի դրանից, ՌԴ ռազմաարդյունաբերական համալիրը նույնպես շատ ակտիվ է Թուրքիայի շուկայում: Կնքված պայմանագրերի ռազմական նշանակության, ռազմական տեխնիկայի եւ սպառազինությունների ընդհանուր ծավալը կազմում է մոտ 300 մլն դոլար: ՌԴ-ն իր հերթին մտածում է Թուրքիայի միջոցով պահպանել իր ազդեցությունը թուրքալեզու պետությունների վրա»: ՌԴ-ի խաղը Արամ Կարապետյանը բավականաչափ վտանգավոր է համարում, քանզի նա կարող է ձեռք չբերել Թուրքիայի հետ ստրատեգիական պայմանավորվածություններ, բայց կորցնել իր ազդեցությունը Հայաստանում: Ըստ նրա, հայ-թուրքական արձանագրությունների հետ կապված ՌԴ-ի իրական դիրքորոշումն այսպիսին է. «Եթե Թուրքիան կամ ԱՄՆ-ը ինքնուրույն խաղ են տանելու, ապա նա ամբողջությամբ դեմ է լինելու այդ գործընթացին եւ սկսելու է իր կտրուկ մերձեցումն Ադրբեջանի հետ՝ մտածելով, որ իր ազդեցության գոտում կպահի գոնե այդ երկիրը»: Հայաստանի օգուտներն այս զարգացումներում Արամ Կարապետյանի համար դեռ նկատելի չեն: ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

No comments: