Friday, November 13, 2009

Ադրբեջանի պաշտպանության նախարար կնշանակվի Ռուսաստանի մարդը ՞

ԱՅՍՕՐ 13,11,2009 - Չնայած պաշտպանության նախարարի պաշտոնի համար իրական թեկնածուների շարքում առաջինը նշվում է օրերս ստեղծված ցամաքային զորքերի հրամանատար Քյարամ Մուստաֆաևի անունը, ով Նախիջևանում տեղակայված կորպուսի հրամանատարն էր, սակայն, վստահելի աղբյուրից ադրբեջանական «Ազադլիգ»-ին հայտնի է դարձել, որ ՆԱՏՕ-ի հետ մերձեցումից անհանգստացած Ռուսաստանը որոշակի քայլեր է ձեռնարկում` Ադրբեջանի պաշտպանության նախարարի պաշտոնում իր մարդուն տեսնելու ուղղությամբ: Աղբյուրի փոխանցմամբ, Ադրբեջանի պետական շրջանակներում ընդգրկված ռուսամետ պաշտոնյաները պետության ղեկավար Իլհամ Ալիևին պաշտպանության նախարարի պաշտոնի թեկնածու են առաջադրել ներկայում Ռուսաստանի բանակներից մեկի փոխհրամանատարի պաշտոնը զբաղեցնող, գեներալ-մայոր Բաղըր Յուսիֆ օղլու Ֆաթուլլաևին: Այդ լուրը աղբյուրին հաստատել է նաև Իլհամ Ալիևին մոտ կանգնած բարձրաստիճան զինվորական մի պաշտոնյա: «Ազադլիգը» հայտնում է, որ գեներալ-մայոր Բ.Ֆաթուլլաևը ծնվել է Շաքի քաղաքում: Նա Ռուսաստանի բարձրագույն շտաբային ակադեմիան ավարտած երկու ադրբեջանցի սպաներից մեկն է: Բ.Ֆաթուլլաևից առաջ այդ ակադեմիան ավարտել է Ադրբեջանի պաշտպանության նախկին նախարար Վալեհ Բարշադլըն: Բ.Ֆաթուլլաևը Ռուսաստանի բարձրագույն շտաբային ակադեմիա է ընդունվել ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինի հրամանով: Մինչև 2007 թ. Ֆաթուլլաևը եղել է Սիբիրի զինվորական օկրուգի «Ալեյսկի» դիվիզիայի հրամանատարը: Նրա ղեկավարած դիվիզիայի տանկային գնդերն ու հատուկ նշանակության խմբերը մասնակցել են Չեչնիայի պատերազմին: Բ.Ֆաթուլլաևի թեկնածությունը միանշանակ չի ընդունվել պաշտպանության նախարարությունում: Սաֆար Աբիևի հետ` նրա մրցակից ՊՆ գլխավոր շտաբի պետ Նաջմեդդին Սադըգովն էլ է դեմ Բ.Ֆաթուլլաևի թեկնածությանը: Նշելով, որ Ն.Սադըգովի` օրերս ԱՄՆ կատարած այցը պատահական չէր, աղբյուրը հայտնել է, որ այդ մասին տեղեկացված են նաև ԱՄՆ ու ՆԱՏՕ-ի ղեկավարությունները, որոնք աշխատում են խոչընդոտել Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը «Ռուսաստանին հանձնելու» գաղափարը: Այդ պատճառով, անտեսելով Ս.Աբիևի լուրջ սխալներն ու թերությունները, ՆԱՏՕ-ի ղեկավարությունը ցանկանում է նրան թողնել այդ պաշտոնում: Գիտակցելով, որ ներկա փուլում Ս.Աբիևին պաշտպանելը շատ դժվար է` ՆԱՏՕ-ն շփումներ է ստեղծում մի շարք գեներալների հետ: Նշելով, որ Ն.Սադըգովն էլ է ռուսամետ գեներալների շարքին դասվում` աղբյուրը հայտնել է, որ նոր թեկնածուի` Ռ.Ֆաթուլլաևի ի հայտ գալուց հետո, Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը թեքվել է դեպի ՆԱՏՕ:

No comments: