«Լրագիր» 12-11-2009- Խորհրդային Միությունում, ստալինիզմի ժամանակ կեղծ գիտություններ էին համարվում կիբեռնետիկան և գենետիկան: Պատմությունը չար կատակ խաղաց այդ գաղափարախոսության հետ. կիբեռնետիկան և գենետիկան ժամանակակից աշխարհում հիմնական գիտություններն են, իսկ գիտական կոմունիզմը և գիտական աթեիզմը համարվում են գաղափարախոսական ֆանտոմներ: Բռնապետությունը սոցիալական շիզոֆրենիայի ձևերից է, որի գիտակցությունը մթագնված է, և բանականության այդ գիշերը ծնում է հրեշներ: Այդպիսի հրեշներից է «հայկական սոցոլոգիա» կոչվող գիտությունը, որը պնդում է, թե հայաստանցիները հիմնական մասը կոնֆորմիստ են և մեծամասամբ պատրաստ են աջակցել արդեն գործող իշխանություններին:
Սակայն փաստերը այլ բան են մատնանշում: 1998 թ. և 2003 թ. ընտրություններում, երբ իշխանության ճնշումը և կեղծարարությունները համեմատաբար քիչ էին, նույնիսկ պաշտոնական վիճակագրությունը խոստովանեց, որ բնակչության մեծամասնությունը դեմ է քվեարկել իշխանության թեկնածուին: Միայն ընտրությունների երկրորդ փուլում, երբ իշխանական ճամբարը հաղթահարեց իր շփոթությունը, ահաբեկումների և կեղծիքների շնորհիվ կարողացավ անցկացնել իր թեկնածուին:
Ոչ մի կասկած չկա, որ հայաստանյան բոլոր ընտրություններում իշխանությունները պարտություն են կրել: Սա նշանակում է, որ բողոքի պոտենցիալը Հայաստանում շատ մեծ է, և եթե ընդդիմությունն ի վերջո պարտություն է կրել, ապա պատճառը հենց իր մեջ է: Հայաստանը ոչ Բելառուսիա է, և ոչ էլ Ղազախստան կամ Ադրբեջան. մեզ մոտ ժողովուրդը քաղաքական ամենազդեցիկ ուժն է՝ այդ ուժը դառնալու պոտենցիան ունի: Եվ եթե 2007-ի խորհրդարանական ընտրություններում ընդիմությունը համեմատաբար քիչ ձայն ստացավ, ապա միայն այն պատճառով, որ տրամադրված էր կոմպրոմիսի գնալ իշխանությունների հետ:
Իշխանափոխության անհնարինությունն իր մեջ լուրջ քաղաքական վտանգներ է պարունակում: Միջնադարում միապետները հաճախ էին փոխվում, քանզի զոհվում էին պատերազմներում, մեռնում հիվանդություններից կամ դառնում պալատական դավադրության զոհը: Լիբերալ-դեմոկրատական կարգի ժամանակ այս գործոնները բացակայում են, և պետության գլխավորներին փոխում են ընտրությունների միջոցով: Պատճառներից մեկը, որ հարկավոր է համեմատաբար արագ փոխել իշխանությունը, հոգեբանական է. իշխանություն ունեցողները, հատկապես նրանք, ովքեր երկար ժամանակ ղեկի մոտ են գտնվել, կորցնում են իրականության զգացողությունը:
Նրանց թվում է, որ ամենն, ինչ անում են, հանուն ժողովրդի բարօրության է, չնայած հարստանում են միայն իրենք, իրենց ազգականները և մերձավորները: Իսկ ովքեր բողոքում են՝ լավագույն դեպքում մոլորվածներ են, իսկ հիմնականում՝ դավադիրներ և օտար ուժերի գործակալներ: Ըստ նրանց, հեղափոխությունները կազմակերպում է չարամիտ Արևմուտքը, որի համար բերում են Ռուսաստանի աջակցության օրինակը: Ըստ նրանց, կոռումպացված և գանձագող իշխանությունների նկատմամբ համակրանքի բեմադրությունները մեծագույն հայրենասիրություն է և պետական մտածողության դրսևորում:
Իհարկե, քաղաքական բռնության բացառման համար արտաքին ճնշումը կարևոր է, հատկապես եթե պետությունն իր վրա վերցրել է որոշակի միջազգային պարտավորություններ: Տարվա սկզբին Ա. Բաղդասարյանը իր մի ելույթում պնդում է, որ որոշ իշխանական ուժեր պատրաստ էին հազարավոր մարդկանց սպանել և միայն իր միջամտության շնորհիվ էր, որ զոհերի քանակը «մինիմալ» էր: Որքան է վստահելի այս պնդումը՝ թողնենք ԱԽ նախագահի խղճին, բայց որևե կասկած չկա, որ նրանք պատրաստ են նույնիսկ տասնյակ հազար «դիվահար» և «մոլագար» ցուցարարներ ոչնչացնել, եթե զսպող հանգամանքներ չլինեին: Սակայն սանձող ուժը ոչ թե արտաքին ճնշումը կամ «բարեսիրտ» քաղաքական գործիչներ էին, այլ ժողովրդական բողոքի ուժը. իշխանությունները իրապես վախենում են միայն մեկ գործոնից՝ բողոքի գործողությունների ավելի մեծ ծավալումից:
Հեղափոխական իրադրությունը ծագում է, երբ իշխանությունները ապալեգիտիմացվում են, երբ ժողովուրդը սկսում է իշխանությունների մեջ տեսնել սոցիալական, տնտեսական և մշակութային անարդարության հիմնական մեղավորին: Լեվ Տրոցկին մի անգամ ասել է, որ մարդիկ ավելի շատ չեն սիրում հեղափոխություն անել, քան պատերազմել. հեղափոխությունները տեղի են ունենում, երբ այլ ելք չկա: Հեղափոխության ժամանակ ժողովուրդը դուրս է գալիս փողոց, քանզի այլ հնարավորություն չունի ազդելու իշխանության վրա. փոթորկվում է, երբ այն վերածվում է փակ կաստայի: Վերջին տարիների ընթացքում այդպիսի կաստա է դարձել իշխող Հանրապետական կուսակցությունը, որը վերածվել է օլիգարխիական ակումբի:
Խնդիրը միայն այն չէ, որ ընդիմադիր գործիչների համար փաստորեն փակ է ամեն մի քաղաքական պաշտոն՝ գյուղապետից մինչև խորհրդարանի դեպուտատ: Քարացած է համակարգն իր բոլոր օղակներում: Մի քանի տարի առաջ շրջանառության մեջ դրվեց «քոչարյանական երազը»՝ ամեն մի երիտասարդ կարող է դառնալ շոու աստղ: Իհարհե, շոու բիզնեսը և սպորտը Արևմուտքում սոցիալական մոբիլության կարևոր գործոն են, աղքատության և անհուսության ճիրաններից դուրս պրծնելու միջոց, բայց Հայաստանում այն վերածվեց վերնախավի համար աղախիններ հավաքագրելու միջոցի, յուրատեսակ բարոյական տրաֆիկինգի՝ մարդագողության: Այժմ խաբում են այլ՝ «սարգսյանական երազով»՝ ամեն մի հայ կարող է դառնալ շախմատի չեմպիոն կամ սերիալի հերոս: Այդ խաբեբայություններին միայն շատ հիմար մարդիկ են հավատում, մնացածների համար դրանք դառնում են վրդովմունքի պատճառ: Այնքան կարևոր չէ վերնախավի ռոտացիան, որքան հասարակության հասարակ անդամների վեր բարձրանալու հնարավորությունը՝ ուղղահայաց սոցիալական մոբիլությունը զանգվածային բողոքի դրսևորումները կանխելու համար: Ամենապայթյունավտանգ շերտը երիտասարդներն են:
Համակարգի կարծրացումը խնդիրներ է ստեղծում նաև վերնախավի համար. ճկունության բացակայությունը հակասությունները վերածում է հակամարտության, անդառնալիորեն տրոհելով վերնախավը: Հենց այդ պատճառով մեր և այլ ավտորիտար ռեժիմներն այդքան սիրում են «կայունություն» և «հանդուրժողականություն» լոզունգները: Հասարակ մարդիկ այս բառերը ըմբռնում են որպես իշխանական կաստայի հավերժական տիրապետություն և որպես կոչ համակերպվելու իրենց անհրապույր կենսակերպի հետ: Այդ դպքում նրանք որպես «լուսավոր ապագա» սկսում են ընկալել իշխանության ամեն մի հակառակորդին, եթե նույնիսկ այն նախկինում վարկաբեկված է եղել:
Անշուշտ, իշխանափոխություն իրականացնելու համար պետք է լինի լուրջ ընդիմադիր քաղաքական ուժ, որը նաև ունի երկարատև պայքարի համար բավարար ռեսուրսներ: Իշխանություններին հաղթելու համար կարևոր պայման է հանդիսանում իշխանությունների կողմից ուժ գործադրելու անընդունակությունը, ինչպես 1998-ին, կամ՝ անպատրաստությունը, ինչպես 1996-ին: Որպեսզի բռնի ուժի կիրառումը անհնարին լինի, հարկավոր է, որ ընդիմությունն ավելի վճռական լինի, քան իշխանությունները: Բոլշևիկները ամենազդեցիկ ուժը չէին Ռուսաստանում, բայց ամենավճռականն էին. այն դրույթին, որ չկա մի կուսակցություն, որ իր վրա վերցնի ողջ իշխանությունը, Վ. Լենինը պատասխանեց. «Կա այդպիսի կուսակցություն»:
2008 -ի մարտիմեկյան բռնություններն անսպասելի էին ընդիմության համար: Հետխորհրդային տարածքում, նախորդ նմանատիպ բոլոր դեպքերում՝ Ուկրաինայում, Վրաստանում կամ Կիրգիզիայում իշխանությունները վերջին պահին անվճռական էին գտնվել և չէին կրակել ցուցարարների վրա, գերադասել էին հրաժարականը: Այդ երկրների ղեկավարները պատրաստ չէին տանել միջազգային հանրության պարսավանքը և մեկուսացման տանել իրենց երկիրը. ինչ-որ տեղ նրանք պահպանել էին մարդկային խղճի բեկորները: Այդպիսի բռնություն իրեն թույլ չէր տվել նույնիսկ Ադրբեջանը կամ Բելառուսիան: Իհարկե, կար նաև նախադեպ: 2005-ի մայիսի 13-ին Ուզբեկստանի դիկտատոր Քերիմովը հրամայեց կրակել ցուցարարների վրա: Սպանվեցին տասնյակ, այլ տվյալներով՝ հարյուրավոր մարդիկ: Քերիմովին միջազգային լուրջ սանկցիաներից փրկեց նրա այն արդարացումը, որ ցուցարարների հետևում կանգնած էր Ալ Ղաիդան:
Այն, ինչ արեցին հայաստանյան իշխանությունները, աշխարհում իհարկե լինում է. այդպես վարվում են աֆրիկյան կանիբալ դիկտատորները: Բայց այն, որ կրկին միջազգային արձագանքն անհամարժեք թույլ էր, վկայում է այն մասին, որ արտաքին գործոնը ժողովրդական շարժումների համար այսօր ավելի շուտ բացասական է: Հայաստանում ընդիմադիր ժողովրդական շարժումները հիմնականում սնվել են ներքին աղբյուրներից, ինչը չի կարելի ասել իշխանությունների մասին: Այն, որ Հայաստանի երկրորդ «նախագահը» բիզնեսով է զբաղված օտար երկրում, արդեն իսկ խոսուն փաստ է: Ավելի լավը չեն գործող քաղաքական վերնախավը, որն իր փողերը պահ է տվել Դուբայի կամ այլ օֆշորային բանկերին: Նրանք վաղուց փոխել են քաղաքացիությունը՝ դարձել են Ոչմիտեղ երկրի «ոսկու հայրենասերներ»:
Բռնի ուժի կիրառումը 2003-ին կամ 2008-ին թելադրված չէր բարձր նպատակներով, այլ պայմանավորված էր ուժային վերնախավի և իշխանությունների շահերի համընկնումով. երբ իշխանությունները կկորցնեն «հայրենասերի» և «ազգասերի» համբավի վերջին մնացորդները, այդ աջակցությունն այլևս չի լինի միանշանակ: Խոսքը ուժային վերնախավի մասին չէ, որը համակարգային կամ ուղիղ կոռուպցիոն կապերով ձուլված է իշխանությունների հետ: Խոսքը միջին օղակի սպաների մասին է, որոնց համար հայրենասիրությունը դատարկ բառ չէ, այն մարդկանց, ում շահերը կլանային-ազգակցական կապերով միահյուսված չեն իշխանությունների հետ: Որ վերջին ենթադրությունն անհիմն չէ, ցույց տվեցին վերջին մի քանի տարվա իրադարձությունները, երբ երկրապահների մի զգալի մասը, չնայած գաղափարական տարաձայնություններին, աջակցեց ընդիմությանը:
Աստիճանաբար նեղանում է իշխանությունների հենարան հանդիսացող սոցիալական բազան: Ոչ միայն արհամարվում են աշխատավորների և հասարակ մարդկանց շահերը, տնտեսական ոլորտից դուրս է մղվում միջին խավը, այլ նաև ռեպրեսիաների է ենթարկվում անհամաձայն վերնախավը: Սրան հարկավոր է ավելացնել գաղափարական շփոթը. չկա արժեքային համակարգ, բացի փողից, որը կմիավորի իշխանական ճամբարը: Նրանք չեն պաշտպանում ժողովրդավարությունը, բայց դեմ խոսել չեն համարձակվում, նրանք դեմ են ազատությունների, բայց անկարող են հրապարակայնորեն այդ հայտարարել: Նրանք հասկանում են, որ արտաքին քաղաքականությունը չի կարելի կառուցել պոպուլիստական ազգայնականության սկզբունքների վրա, բայց այլ սկզբունքների հետևելու հնարավորություն չունեն: Եվ վերջապես, հասկանում են, որ այսպես շարունակել չի կարելի, բայց այլ կերպ գործել չգիտեն: Նրանք կարող են միայն արագացնել իրենց վախճանը և այդ պատճառով ոչինչ չեն անում, հույս ունենալով, որ վտանգը ինքն իրեն կանհետանա: Նրանց հույսը Աստվածն է, որին չեն հավատում:
Այս «կայունությունը» փող արժե, հարկավոր է կերակրել համակարգի ձրիակեր կլիենտներին, և կառավարությունն անընդհատ պարտքեր է անում, որն ավելի քան եռապատկվել է վերջին տարիներին, հասնելով միջազգային չափանիշներով խիստ վտանգավոր սահմանագծին՝ ՀՆԱ-ի կեսին: Այն տպավորությունն է, որ նրանք գիտեն, որ վճարելու ժամանակ այլևս վաղուց չեն լինի:
Ծովայինները պնդում են, որ մեծ փոթորկից առաջ ծովը խաղաղվում է: Իսկ ռուսական անպատշաճ ասացվածքը երկրորդում է, որ վախճանն աննկատ է մոտենում:
ՎԱՐԴԱՆ ՋԱԼՈՅԱՆ
Thursday, November 12, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment