News.am- 11-11-2009- Թուրքիան եւ մասնավորապես Էրդողանի կառավարությունը ցույց է տալիս աշխարհին, որ Իսրայելի հետ այլեւս ռազմավարական դաշնակից չէ եւ չի համագործակցում նրա հետ։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց թուրքագետ Արտակ Շաքարյանը՝ մեկնաբանելով թուրք-իսրայելական հարաբերությունների հերթական սրումը։
Հիշեցնենք, որ իսրայելական «Կուրսոր» լրատվամիջոցը հաղորդել էր, թե Թուրքիայի եւ Իրանի միջեւ գաղտնի համաձայնություն է ձեռք բերվել, որով Անկարան պետք է Թեհրանին հետախուզական տեղեկություններ հաղորդի, ինչը թույլ կտա վերջինիս՝ խուսափել իսրայելական հարվածներից:
Շաքարյանը նշեց, որ Թուրքիան ուզում է առաջնորդ դառնալ Մերձավոր Արեւելքում եւ դրա համար փորձում է շահել իսլամական, մասնավորապես՝ արաբական երկրների վստահությունը, իսկ Իսրայելի հետ սերտ համագործակցությունը խանգարում էր նրան այս հարցում։
«Արտաքին PR-ի առումով, ամեն ձեւով ցույց են տալու, որ Թուրքիան եւ Իսրայելը խնդիր ունեն եւ որ նրանք ինչ-որ բան չեն կիսում», -ասաց թուրքագետը՝ հավելելով, որ ինչպես ցույց է տալիս փորձը՝ ռազմավարական առումով Թուրքիան եւ Իսրայելը, այնուամենայնիվ, համագործակցում են։ Իսկ այս դեպքում հնարավոր է, որ «իշխանությունները ոչ թե դադարեցնեն համագործակցությունը, այլ ժամանակավորապես սառեցնեն մինչեւ ավելի լավ ժամանակները»։
Այս հարցի առնչությամբ NEWS.am-ին իր կարծիքը հայտնեց նաեւ ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ Գառնիկ Ասատրյանը։ Նա ասաց, որ Թուրքիայի եւ Իսրայելի հարաբերությունները հնարավոր է որոշակի ձեւեր ընդունեն, սակայն վերջնական խզում չի լինի, քանի որ Թուրքիան եւ Իսրայելն ունեն ընդհանուր շահեր։ Իրանագետը եւս կարծում է, որ այս սրումը չի կարող տապալել Իսրայելի եւ Թուրքիայի միջեւ եղած ռազմավարական համագործակցությունը։
Նշենք նաեւ, որ երկու ռազմավարական դաշնակիցների` Թուրքիայի եւ Իսրայելի մեջ լարվածությունն ի հայտ եկավ դեռեւս հունվարից, երբ Թուրքիան խստորեն դատապարտեց Թել Ավիվի 22 տարի տեւող ռազմական գործողությունները Գազայի հատվածում: Երկու երկրների միջեւ հարաբերություններն էլ ավելի վատացան այս տարվա առաջին կեսին, երբ Թուրքիան բացառեց Իսրայելի մասնակցությունը ամենամյա զորավարժություններին:
Thursday, November 12, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment