Friday, November 13, 2009

Taraf Daily-ի սյունակագիրը սպառնալիքներով նամակ է ստացել Աթաթուրքի «Ուղերձի» ձեւափոխման համար

NEWS.am 13.11.2009 - Թուրքական Taraf Daily թերթի սյունակագիր Սեւան Նիշանյանը, որ Թուրքիայի քաղաքացի է եւ ազգությամբ հայ, հրապարակել է զայրացած թուրք ազգայնականնների կողմից իրեն հղված սպառնալիքներով լի նամակը՝ վիրավորական արտահայտությունով, հայտնում է ԱՄՆ-ի հայ համայնքի Asbarez թերթը: Նիշանյանը նման նամակներ է ստացել` ի պատասխան Աթաթուրքի «Ուղերձ թուրքական երիտասարդությանը» տեքստի փոքր-ինչ ձեւափոխման համար: Մասնավորապես` Նիշանյանը փոփոխել էր ուղերձի առաջին նախադասությունը, թե «ձեր առաջին գործը պետք է լինի Թուրքիայի անկախության պահպանումն ու պաշտպանությունը»: Նիշանյանի տեքստում առաջին նախադասությունը հնչում էր այս կերպ. «Ձեր առաջին գործը պետք է լինի մարդ լինելը»: Նշենք, որ Նիշանյանի գրվածքի մյուս դրույթներն էլ մարդկանց հավասարության մասին են: Բայց չնայած մարդասիրության տարրերին, որ գերակշռում էին հեղինակի աշխատանքում, թուրքական երիտասարդության հակազդեցությունը բավական ագրեսիվ էր: «Մենք կստիպենք քեզ գրել „Ուղերձի“ ճիշտ տեքստը արյունով», «Մենք կսպանենք քեզ, ինչպես այդ շանը՝ Հրանտ Դինքին», «Թուրք երիտասարդություն, քո առաջին գործն է երկրի երեսից ջնջել հայերին եւ քրդերին՝ հանուն թուրքերի եւ մարդկության», ասված է թուրք ազգայնականների նամակում: Նշենք, որ Նիշանյանը վերջին երկու օրերին բազում նման նամակներ է ստացել:

No comments: