Friday, November 13, 2009

Վահագն Չախալյանը դիմել է Վրաստանի Սահմանադրական դատարան

ԱՅՍՕՐ 13.11.2009 - 2009թ. նոյեմբերի 10-ին ջավախքահայ քաղաքական ակտիվիստ Վահագն Չախալյանը դիմել է Վրաստանի սահմանադրական դատարան` օտարերկրյա փաստաբանների Վրաստանում փաստաբանական գործունեություն իրականացումն արգելող օրենքի փոփոխությունը հակասահմանադրական ճանաչելու հայցով: Նշված հայցի համար առիթ հանդիսացավ Վրաստանի արդարադատության նախարարության կողմից ֆրանսիացի փաստաբան Պատրիկ Արապյանին որպես Վահագն Չախալյանի պաշտպան գրանցման մերժումը ս.թ. փետրվարի 16-ին: «2009թ. հունիսի 19-ին, երբ այդ հակաօրինական որոշման բողոքարկումը ընթացքի մեջ էր վարչական դատարանում, Վրաստանի խորհրդարանը Քրեական դատավարության օրենսգրքի մեջ փոփոխություններ կատարեց, որոնց համաձայն Քրեական դատավարության օրենսգրքից ընդհանրապես հանվեց օտարերկրյա փաստաբաններին Վրաստանում դատապաշտպանություն իրականացումը նախկինում թույլատրող դրույթը: Օրենսդրական այս փոփոխությունը որպես հիմք ծառայեց վարչական դատարանի համար, որպեսզի այն ս.թ. հուլիսի 15-ին մերժի ֆրանսիացի փաստաբանի գրանցման հայցը», - նշված է «Երկիր» Հայրենադարձության և հիմնավորման հասարակական կազմակերպությունների միություն տարածած հաղորդագրությունում : Սահմանադրական դատարանի հայցի համար անհրաժեշտ փաստաթղթերի պատրաստման գործում Վահագն Չախալյանին օգնել է «Մարդու իրավունքների կենտրոն» ՈԿԿ փաստաբան Նինո Անդրիաշվիլին: Հիշեցնենք, որ Վահագն Չախալյանը ս.թ. ապրիլի 7-ին Ախալցխայի առաջին ատյանի դատարանի կողմից մեղավոր ճանաչվեց Վրաստանի քր. օրենսգրքի 236-րդ հոդվածի 1-ին մասով (Զենք-զինամթերքի ձեռքբերում եւ պահպանում), հոդված 226-ով (Հանրային կարգը խախտող զանգվածային միջոցառումների կազմակերպում կամ ակտիվ մասնակցություն), 239-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» ենթակետերով (Խուլիգանություն… կատարված … իշխանության ներկայացուցչի դեմ)` դատապարտվելով 10 տարվա ազատազրկման: Վահագն Չախալյանի հայրը` Ռուբեն Չախալյանը մեղավոր ճանաչվեց 236-րդ հոդվածի 1-ին մասով (զենք-զինամթերքի ձեռքբերում եւ պահպանում) եւ 226 հոդվածով (Հանրային կարգը խախտող զանգվածային միջոցառումների կազմակերպում կամ ակտիվ մասնակցություն)` դատապարտվելով հինգ տարվա պայմանական ազատազրկման, այն 5,000 լարի (շուրջ 3,000 ԱՄՆ դոլար) տուգանքով փոխարինմամբ, նրա կրտսեր եղբայր Արմեն Չախալյանը` 236-րդ հոդվածի 1-ին մասով (զենք-զինամթերքի ձեռքբերում եւ պահպանում)` դատապարտվելով երկու տարվա պայմանական ազատազրկման պատժի փոխարինմամբ 2,000 լարի (շուրջ 1,200 ԱՄՆ դոլար) տուգանքով: 2009թ. հոկտեմբերի 30-ին Վրաստանի վերաքննիչ դատարանն այդ վճիռը թողեց անփոփոխ:

No comments: