
News.am. 28-12-2009- Դեկտեմբերի 27-ին լայնամասշտաբ անկարգություններ են տեղի ունեցել Թեհրանում: Պաշտոնական տվյալներով, ինչպես հաղորդում է BBC-ն, ոստիկանության ուժերի եւ ցուցարարների բախման արդյունքում զոհվել են 5 հոգի: Մահացածների մեջ է նաեւ բարեփոխականների առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Միր Հոսեյն Մուսավիի զարմիկը:
Հաղորդվում է, որ Ալի Մուսավին հրազենային վնասվածք է ստացել սրտի շրջանում՝ Թեհրանի Էնհելաբ հրապարակում կայացած հանրահավաքի ժամանակ:
Իր հերթին, իրանական ընդդիմությունը պնդում է, որ բախման ժամանակ ոստիկանությունը գնդակահարել է 8 հոգու, որոնցից 4-ին Թեհրանում, եւս 4-ին՝ Թավրիզում:
Ականատեսների պնդմամբ, ոստիկանությունը ցուցարարներին ցրելու համար օգտագործել է արցունքաբեր գազ: Պետական IRNA գործակալությունը հայտնում է, որ ցուցարարները քարկոծել են Աշուրան տոնող մարդկանց, արդյունքում վնասվածքներ են ստացել 2 կին եւ երեխա:
Լարվածությունը Իրանում մեծացել է ազդեցիկ այլախոհ այաթոլլա Հոսեյն Ալի Մոնթազերիի մահից հետո, որը մահացել է անցած շաբաթ 87 տարեկան հասակում: Մուսավիի կողմնակիցները որոշել էին շիաների տոնն օգտագործել Ահմադինեջադի կառավարությունից հերթական դժգոհությունը հայտնելու համար:
Միեւնույն ժամանակ իրանական ոստիկանությունը հաղորդում է 300 ցուցարարների ձերբակալության մասին՝ հերքելով, որ զոհեր են եղել ոստիկանության գործողությունների պատճառով:
ԱՄՆ-ը արդեն հասցրել է դատապարտել Իրանում տեղի ունեցած բռնությունները: «Մենք վճռականորեն դատապարտում են Իրանում իրենց քաղաքացիական իրավունքներից օգտվել փորձող քաղաքացիների բողոքի անհամարժեք կոպիտ ճնշումը: Պատմությունը միշտ նրանց կողմից է, ովքեր խաղաղությամբ են հանդես գալիս իրենց իրավունքների համար: Վախի եւ բռնության կառավարումը վկայում է, որ կառավարությունը վախենում է սեփական քաղաքացիներից ավելի, քան ինչ-որ բանից»,- ասված է ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի պաշտոնական ներկայացուցիչ Մայք Համմերի հայտարարության մեջ:
No comments:
Post a Comment