Tuesday, December 29, 2009

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՈՒԺԵՐԸ ՇԱՀԱՐԿՈՒՄ ԵՆ ՆԱԵՎ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Իսկ դա սառնասիրտ քաղաքականություն է պահանջում Հայաստանից «ԱԶԳ», 29-12-2009- Այս տարվա թերեւս կարեւորագույն իրադարձությունը Թուրքիայի հետ, այսպես կոչված, մերձեցման աղմկահարույց գործընթացն էր, որի գլխավոր արդյունքը հանդիսացավ երկկողմ հարաբերությունների նորմալացմանը նպատակամղված զույգ արձանագրությունների ստորագրումն ու, ինչպես նաեւ, ֆուտբոլային պատասխան հանդիպման համար ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մեկնումը Բուրսա: Թեեւ արձանագրությունները ստորագրեցին Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարները, սակայն ակնհայտ են ստորագրման հարցում միջազգային շահագրգռությունները: Այլ կերպ, երբ շահագրգիռը միջազգային ուժերն են, ապա ստորագրող կողմերի համար որպես կանոն պարտավորեցնող են դառնում նրանց շահագրգռությունները: Շահագրգիռ ուժերի պարագայում, խոսքը վերաբերում է Միացյալ Նահանգներին, Եվրոմիությանն ու Ռուսաստանին: Չնայած դրան, Թուրքիան իր իսկ ստորագրած արձանագրություններից բխող պարտավորություններին հետամուտ լինելու փոխարեն, շարունակ ձգձգում է դրանց կատարումը, իսկ ձգձգումը հիմնավորելու համար մատնացույց է անում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում առաջընթացի բացակայությունը: Որքան էլ նա հայկական կողմին պաշտոնապես նախապայմաններ չառաջադրի, առաջընթացի բացակայությունն ամեն կերպ բացատրում է Հայաստանի անհաշտ դիրքորոշմամբ: Այսպիսի մոտեցման պայմաններում պաշտոնապես չառաջադրվող նախապայմանները մնում են ուժի մեջ: Պարզապես դրանց հասցեատերերն են փոխվում: Քանի որ հասցեատերերը հայ-թուրքական արձանագրություններով շահագրգիռ ԱՄՆ-ն, ԵՄ-ն ու Ռուսաստանն են, ուստի Թուրքիան ղարաբաղյան հիմնահարցում ակնկալվող այսպես կոչված առաջընթացը, որը նրա տեսանկյունց ենթադրում է Լեռնային Ղարաբաղին հարակից յոթ շրջաններից հինգի հանձնումն Ադրբեջանին, ապահովելու համար միջազգային այս ուժերից պահանջում է ճնշում գործադրել Հայաստանի վրա: Պահանջներում Թուրքիայի հետեւողականությունն ու համառությունը բոլոր հիմքերը տալիս են ենթադրելու, որ Հայաստանի հետ մերձեցման գործընթացը սկզբնավորելիս, նա ընդառաջել է միջազգային ուժերին, ուստի եւ Կովկասում կայունություն ու խաղաղություն ապահովելու պատճառաբանությամբ ղարաբաղյան հիմնահարցում առաջընթացի արձանագրման համար Հայաստանի վրա ճնշում գործադրելու փոխադարձ պահանջ է ներկայացնում վերջիններիս: Թե ինչպիսին կլինի միջազգային ուժերի արձագանքը Թուրքիայի այս պահանջներին, չգիտենք: Բայց որ անկախ արձագանքի բնույթից, Թուրքիայի գործնական միջամտությունը ղարաբաղյան հիմնահարցին չի կարող ընդունելի լինել նրանց համար, ակնհայտ է: Այն առումով, որ նրանք սեփական նախաձեռնություններին ոտնձգություն են համարում յուրաքանչյուր միջամտությունը: Սա կնշանակի, որ միջազգային ուժերը հայտարարելով, թե ղարաբաղյան հիմնահարցը չի կարող հայ-թուրքական արձանագրությունների վավերացման նախապայմանը լինել, ոչ թե անկողմնակալություն են պահպանում, այլեւ Թուրքիայի ոտնձգություններից են պաշտպանում հակամարտության կարգավորման սեփական նախաձեռնությունը: Այս ամենի առումով հատկանշականը թերեւս վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ նախագահ Բարաք Օբամայի նրան ասած խոսքեն են. «Եթե թուրքական խորհրդարանը չվավերացնի Հայաստանի հետ ստորագրված արձանագրությունները, ապա ԱՄՆ Կոնգրեսը կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը»: Սա նշանակում է, որ միջազգային ուժերը ցեղասպանության հետ նաեւ արձանագրություններն են շահարկում, իսկ դա պատասխանատվություն եւ սառնասիրտ քաղաքականություն է պահանջում Հայաստանում իշխող թե ընդդիմադիր բոլոր ուժերից: ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ

No comments: