7Or. 7-12-2009- Նոյեմբերի 28-ից հանրահայտ «Euronews» հեռուստաալիքի եթերում «Winds of change in Nagorno Karabakh» անվանմամբ ֆիլմ էր ցուցադրվում։ Առաջին անգամ այդ ֆիլմի մասին ասուլիսներից մեկում բարձրաձայնեց ՀՀԿ խմբակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը։ ՀՀԿ 12-րդ «ճակատագրական» համագումարում Սերժ Սարգսյանի ելույթին անդրադառնալով՝ Է.Շարմազանովը նշեց, որ նախագահը ևս մեկ անգամ վերահաստատեց, որ ԼՂՀ հիմնահարցում ամենակարևորը ԼՂՀ կարգավիճակի հարցն է, և դրանց վերաբերյալ արդեն իսկ դրական ազդակներ կան։ Ըստ նրա՝ դրական ազդակը հենց «Euronews» ալիքով ցուցադրվող ֆիլմն էր։ Շարմազանովը մասնավորապես նշեց. «Պատահական չէ, որ «Euronews» ալիքով ԼՂՀ հակամարտության վերաբերյալ նյութ է ցուցադրվել, որտեղ Բակո Սահակյանը ներկայացված էր որպես ԼՂՀ նախագահ։ Փաստ է, որ համաշխարհային մեդիան ընդունում և գրում է, որ Բակո Սահակյանը Լեռնային Ղարաբաղի նախագահն է»։ Ֆիլմին անդրադարձ էր եղել նաև հայրենի հեռուստաալիքներից գրեթե բոլորի կողմից, որոնք մասնավորապես նշում էին, որ ֆիլմում Լեռնային Ղարաբաղը համարվել է բնիկ հայկական տարածք, իսկ Բակո Սահակյանը՝ ԼՂ նախագահ։
Վերոնշյալ «դրական ցուցանիշներն» իրոք կարող էին դրական լինել, եթե դրանց հետ մեկտեղ չնշվեր, օրինակ, որ «Լեռնային Ղարաբաղի տարածքը կազմում է 4420 ք/կմ» (այնինչ այսօր ԼՂՀ տարածքը կազմում է 11470 ք/կմ-Ա. Բ.), որ «միջազգային իրավունքի տեսանկյունից Լեռնային Ղարաբաղը պատկանում է Ադրբեջանին», և որտեղ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացն ուղղակիորեն կապվում է ԼՂՀ բարեկեցության և բարգավաճման, հետևաբար նաև ղարաբաղյան հիմնախնդրի հետ։
Այն փաստը, որ լուսագրերում Բակո Սահակյանը պետք է ներկայացվեր որպես ԼՂՀ նախագահ, մեզ համար այնքան բնական պետք է լիներ, որ դա որպես դրական փաստ արձանագրելու կարիք չպետք է ունենայինք։ Այո՛, միգուցե երկար ժամանակ է, որ այդ փաստը չի նշվել, սակայն դա պետք է դիտարկվի որպես հերթական թյուրիմացության և բացասական գործոնի վերացում և ոչ թե հանրային հեռուստաալիքներով ազդարարվի որպես «դրական առաջընթաց»։
Ֆիլմի վերաբերյալ, ի դեպ, մեծ աղմուկ է բարձրացել նաև ադրբեջանական ԶԼՄ-ներում, որոնք ֆիլմում դրական կողմեր ընդհանրապես չէին նկատել։ Ադրբեջանական կայքերից մեկը (http://www.anspress.com/index.php?a=2&lng=ru&nid=14406) գրում է, որ «տեսաերիզում մի քանի անգամ նշվում է «ԼՂՀ» անկախության մասին, իսկ անջատողական ռեժիմի պարագլուխ Բակո Սահակյանը ներկայացվում է որպես Լեռնային Ղարաբաղի նախագահ, և որ իրենց գործընկեր լրագրողները միակողմանի տեղեկություն են հաղորդել՝ այդպիսով մոռանալով թղթակցի հիմնական պարտականությունը՝ օբյեկտիվությունը»։
Օրերս ֆիլմի վերաբերյալ հայտարարություն է տարածել Ադրբեջանի երիտասարդական կազմակերպությունների միությունը, որտեղ վրդովմունք են հայտնել «լրագրողության չափանիշների մեջ չտեղավորվող» նյութի վերաբերյալ։ Բացի այդ, ադրբեջանական մի շարք կայքեր կոչ են արել ադրբեջանցիներին բողոքի նամակներ հղել հեռուստաալիքի խմբագրությանը։
Ֆիլմի վերաբերյալ հեռուստաալիքի ղեկավարությանը նամակ են հղել նաև «Ենի Ադրբեջան» իշխող կուսակցությունը և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։
Թե ինչո՞ւ է նկարահանվել և ցուցադրվել«Euronews» հեռուստաալիքի ֆիլմը, և ի՞նչ է այն նշանակում, դժվար է ասել։ Վարկածները բազմազան են։ Հավանաբար այն ղարաբաղյան հակամարտության կարգավորման եվրոպական «չեզոք» տարբերակի ցուցադրումն էր ողջ աշխարհին և հատկապես հակամարտող կողմերին՝ հասկացնելու, որ խաղը պետք է ավարտվի 0։0, այսինքն՝ ոչ ոքի։
Հ.Գ. «Winds of change in Nagorno Karabakh» ֆիլմը հասանելի է հետևյալ հասցեով՝ http://www.euronews.net/2009/11/28/winds-of-change-in-nagorno-karabakh/։
Արփի Բեգլարյան
Tuesday, December 8, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment