Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների բնականոնցման և Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ բանակցությունների գործընթացները փոխկապակցելու` Ադրբեջանի մոտեցումն ընկալելի չէ միջազգային հանրության համար: Ադրբեջանական «Թրենդ» գործակալության հետ հարցազրույցում նման տեսակետ է հայտնել երկրի Դիվանագիտական ակադեմիայի արտաքին քաղաքական ծրագրերի տնօրեն Ֆարիզ Իսմալիզադեն:
«Արևմուտքի կարծիքով, երկու խնդիրները միանգամից լուծելն ավելի դժվար է, քան` առանձին-առանձին: Ուստի սահմանների բացման ու Լեռնային Ղարաբաղի հարցերի կապի մասին մեր դիրքորոշումն այնտեղ չի ընկալվում ու աջակցություն չի ստանում»,- ասել է Ֆարիզ Իսմաիլզադեն ու հավելել.
«Արմևմուտքի ու Թուրքիայի նման մոտեցումը կարող է հարցականի տակ դնել ռազմավարական այնպիսի կարևոր նախագծի իրականացումն, ինչպիսին «Նաբուկո»-ն է, և ժամանակի ընթացքում Ադրբեջանը կարող է մեծացնել Ռուսաստանին մատակարարվող գազի ծավալը»:
Ակնհայտորեն երևում է, որ Դիվանագիտական ակադեմիայի ղեկավար պաշտոնյայի շուրթերով պաշտոնական Բաքուն ընդունում է, որ որդեգրել է իռացիոնալ, իրենցից բացի մյուսների աջակցությունը չվայելող դիրքորոշում և ավելին` սպառնում է, շանտաժի է դիմում, որ այդ աջակցությունն ի վերջո չստանալու դեպքում, կդիմի Ռուսաստանի օժանդակությանը:
Ձեռնպահ մնանք ավելորդ մեկնաբանություններից և շարունակենք ներկայացնել Ֆարիզ Իսմաիլզադեի մյուս տեսակետները, որոնք ևս կարևոր էլեմենտներ են պարունակում:
Խոսելով հայ-թուրքական արձանագրությունների մասին` ադրբեջանցի փորձագետն ասել է. «Թուրքիան թերագնահատեց Ադրբեջանին: Թուրքական կառավարությունը կարծում էր, որ կարող է հեշտությամբ արձանագրություններն անցկացնել խորհրդարանում, և չէր սպասում Ադրբեջանի այսպիսի ակտիվ ու սուր արձագանքին: Իմ կարծիքով, պաշտոնական Բաքվի դիրքորոշումը բացարձակապես ճիշտ էր, քանի որ այդ արձագանքից հետո թուրքական կառավարությունը ստիպված եղավ հաշվի նստել Ադրբեջանի կարծիքի հետ: Թուրքիայում կառավարող կուսակցության սխալն այն էր, որ նրանք հույս ունեին, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման գործում առաջընթաց կլինի:
Նրանք հաշվի չէին առել, որ Հայաստանը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում զիջումների չի գնալու: Ապրիլին մոտ Թուրքիայի վրա ճնշումները կմեծանան, և ի վերջո, Անկարան կարող է տեղի տալ, սահմանները բացել` փոխելով սեփական քաղաքական հայտարարությունների տոնայնությունը»: Այս հայտարարությունը մեկնաբանելու կարիք չկա:
Ընթերցողի ուշադրությունը հրավիրում ենք միայն այն փաստագրման վրա, որ «Հայաստանը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում զիջումների չի գնալու»: Փաստը, որ Ադրբեջանում գոնե մեկ մարդ հասկացել է այս իրողությունը, լավատեսություն է ներշնչում:
Monday, December 7, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment