Monday, December 7, 2009

Ամենամեծ ճնշումը Հայաստանի՞ վրա է

Aysor.am.5-12-2009- «Ղարաբաղյան խնդրի կարգավորման գործընթացը չի ծառայում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին, այլ այս երկու խնդիրները լուծվում են զուգահեռաբար` ժամանակային առումով` մեկը մյուսից հետ ու առաջ ընկնելով»,- կարծում է քաղաքագետ, կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը: Այս տեսակետը բացատրելու համար` Հ. Մեսրոբյանը հայտնեց, որ վերջին տասնամյակի ընթացքում տրանսպորտային կոմունիկացիայի հարց է առաջացել, ըստ որի, անհրաժեշտ է «Արևմուտքից Արևելք և Միջին Ասիայի էներգակիր երկրներից ճանապարհը բացել ուղիղ դեպի Եվրոպա»: Նա նշեց, որ «Կասպից Ծովից այս կողմ մեկ ճանապար կա` Ադրբեջանով, որը հետո կիսվում է` մեկը գնում է Վրաստանով դեպի Թուրքիա, մյուսը` Հայաստանով դեպի Թուրքիա»: Շարունակելով բացատրությունը Հ. Մեսրոբյանը նշեց, որ 2008 թ-ի Հարավային Օսիայի պատերազմից հետո «միայն վրացական ճանապարհը վտանգավոր դառձավ, առաջացավ այլընտրանքային ճանապարհի խնդիրը»: «Այս իմաստով` անիմաստ է լուծել բացառապես հայ-թուրքական կամ բացառապես հայ-ադրբեջանական խնդիրները, այդ խնդիրը պետք է լուծվի զուգահեռ, որ գոնե այդ երկու գործընթացները ողջամիտ ժամկետում ավարտվեն, որպեսզի այդ այլընտրանքային կապուղին առաջանա»,- ընդգծեց Հ. Մեսրոբյանը: Քաղաքագետը նշեց նաև, որ Թուրքիա-Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների մեջ կա ճնշում, և արդյունքում «կջարդվի այն կետը, որն առավել թույլ է»: Հենց այս միտքը բացատրելու համար էլ Հ. Մեսրոբյանը հայտնեց, որ միջազգային ուժերը ավելի շատ ճնշում են գործադրում Հայաստանի վրա, որովհետև այս պարագայում լուծվում են միանգամից առկա երկու խնդիրները` հայ-թուրքական և հայ-ադրբեջանական: «Դրա հետևանքով ամենամեծ զիջումները պետք է սպասել միայն Հայաստանից»,- ամփոփելով խոսքը` հայտնեց Հ. Մեսրոբյանը, ով հավելեց նաև, որ «Թուրքիայի կողմից զիջումը լինելու է Ցեղասպանության իրավական ճանաչումը, ինչն ունենալու է առարկայական հետևանքներ` տարածքների վերադարձ, փոխհատուցում, վերաբնակեցում, իսկ Ադրբեջանի առումով` դեռևս խոսվում է հայկական կողմից 5 շրջանների վերադարձի մասին, ինչն այդպես դեռ չի վերջանա»:

No comments: