Monday, December 7, 2009

Փորձագետ. Ճնշումների առումով Թուրքիայի լծակներն ավելի շատ են

News.am.5-12-2009- «Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը վկայում է մի բանի մասին, որ չնայած նույնիսկ ձեւականորեն ասում են, որ հայ-թուրքական մերձեցման ու ղարաբաղյան կարգավորման գործընթացներն առանձին են, ի վերջո դրանք օրգանապես շաղկապված են մեկը մյուսին, եւ առանց մեկի մյուսը պարզապես լուծում չունի»: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Քաղաքական եւ Միջազգային Հետազոտությունների Հայկական Կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը եւ հավելեց. «Կարծում եմ, սա է ասել Էրդողանը եւ ուրվագծել է սպասվելիք հանդիպման օրակարգը, ինչպես նաեւ իրենց կողմից ակնկալվող լուծումը»: Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ դեկտեմբերի 7-ին կայանալիք հանդիպման նախաշեմին Թուրքիայի վարչապետն ադրբեջանական ANS հեռուստաալիքին ասել էր, թե «… մենք հենց սկզբից ասում ենք ամերիկյան ներկայացուցիչներին: Եթե դուք կարգավորեք ղարաբաղյան հակամարտությունը, կլուծեք եւ հայ-թուրքական խնդիրը: Հակառակ դեպքում չեք կարողանա»: Թուրքիայի վարչապետը նաեւ նկատել էր, թե «հայ-թուրքական հարցը կապված է ղարաբաղյան խնդրի հետ». «Ես այդ մասին ուղիղ ասել եմ Բարաք Օբամային եւ Դմիտրի Մեդվեդեւին, որոնք խոստացել են արագացնել գործընթացը», ասել էր Էրդողանը: «Դա լրացուցիչ վկայությունն է նրա, որ այսօր Թուրքիայում կա այն գիտակցությունը, թե Թուրքիան ավելի շատ է անհրաժեշտ Միացյալ Նահանգներին, քան Միացյալ Նահանգները՝ Թուրքիային»,- մանրամասնեց փորձագետն ու հավելեց. «Երկրորդ, ճնշումներ գործադրելու առումով Թուրքիայի ունեցած լծակներն ավելի շատ են, քան հակառակը՝ Թուրքիայի վրա ճնշումներ գործադրելու լծակները»:

No comments: