Tuesday, December 29, 2009

Վ. Օսկանյան. Մենք նույն թիմի անդամներ ենք եղել, եւ ես չէի սպասում, որ արտաքին քաղաքականության ոլորտում նման զարգացումներ կլինեն

News.am. 28-12-2009- «Մենք նույն թիմի անդամներ ենք եղել, արտաքին քաղաքականության ոլորտում նույն գծի կողմնակիցներն ենք եղել, եւ ես չէի սպասում, որ մասնավորապես արտաքին քաղաքականության ոլորտում նման զարգացումներ կլինեն»,- դեկտեմբերի 28-ին «Սիվիլիթաս» հիմնադրամում կազմակերպված քննարկման ժամանակ հայտարարեց կազմակերպության հիմնադիր ղեկավար Վարդան Օսկանյանը՝ նկատի ունենալով ներկա նախագահի կողմից վարվող քաղաքականությունը: Նա կարծիք հայտնեց, որ դա 180 աստիճան տարբեր է իրենց իշխանության կողմից վարվող քաղաքականությունից: Վ. Օսկանյանը կարծիք հայտնեց, որ Հայաստանի խնդիրները, լինի տնտեսության ոլորոտում, թե քաղաքականության, պայմանավորված են նրանով, որ բոլոր ոլորտներում տիրում է մոնոպոլիան: Նրա ներկայացմամբ, մոնոպոլիզացված են ինչպես տնտեսական ոլորտները, այնպես էլ քաղաքականը: «Եթե մենք չունենանք, կամ չստեղծենք այլընտրանքներ, որեւէ խնդիր լուծել չենք կարող: Մենք սահմանադրությունը փոխեցինք, որպեսզի հակակշիռներ եւ այլընտրանքներ ստեղծենք, բայց իշխանություններն ուզուրպացրին իշխանությունը»,-ասաց նա: Հիշեցնենք, որ հենց Վ. Օսկանյանի ԱԳ նախարար եղած 10 տարիների ընթացքում էր, որ կայացան ու ամրապնդվեցին տնտեսական ու քաղաքական մոնոպոլիաները: Նա անդրադարձավ նաեւ արտաքին քաղաքականությանը՝ ընդգծելով, որ ցանկացած իրավիճակում կարող ենք ելք գտնել եւ իրավիճակը շրջել, եթե այդ ուղղությամբ կարողանանք ներքին միասնություն ապահովել: «Ցավոք, արդեն Եվրոպայում ընկալում են, որ տարածքների վերադարձի հարցը լուծված է եւ փաթեթի մաս է, ուստի սպասում են, որ այդ հարցում առաջընթաց լինի, որպեսզի հայ-թուրքական սահմանը բացվի: Այդ ընկալումը պետք է փոխել»,- ասաց Վ. Օսկանյանը:

No comments: