Tuesday, December 29, 2009

ՕԲԱՄԱՆ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԿԱՐԻՔՆ ՈՒՆԻ

«ԱԶԳ», 29-12-2009- «Ամերիկայի թուրքական կոալիցիայի» հետ համագործակցող գիտաշխատող Բրուս Ֆեյնը փորձում է բացատրել, թե ինչու Մ. Նահանգները Թուրքիայի կարիքն ունի: Ստորեւ թարգմանաբար հատվածներ նրա դեկտեմբերի 18-ի Huffpost-ի հոդվածից: Դեկտեմբերի 7-ին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հյուրընկալվեց Սպիտակ տանը: Նա օտարերկրացի ղեկավարներից առաջինն էր, որն արժանացավ այդ պատվին նախագահ Օբամայի աֆղանստանյան նախաձեռնությունից հետո: Ահա թե ինչու: Բայց նախ նշեմ, որ Մ. Նահանգների նախագահների հաջողությունն ու ձախողումը հիմնականում կախված են պատերազմի եւ խաղաղության հանդեպ նրանց ունեցած վերաբերմունքից: Այս հարցերն առավել առաջնային են ամերիկացիների համար, քան ներքին հարցերը: Առողջապահական, կլիմայի փոփոխման եւ աշխատատեղերի ստեղծման վերաբերյալ հարցերը կարող են Օբամայի իշխանության ներկա փուլն ավարտին հասցնել, սակայն վերընտրվելու եւ պատմության մեջ հիշատակվելու համար անհրաժեշտ պայման է, որ նա իր ուշադրությունը բեւեռի ազգային անվտանգության, Աֆղանստանի եւ Իրաքի պատերազմների, ահաբեկչության դեմ պայքարի, Իրանի եւ Հյուսիսային Կորեայի միջուկային ձգտումների, ինչպես նաեւ Մերձավոր Արեւելքի խաղաղության եւ արեւմտյան ժողովրդավարության հետ իսլամի հաշտեցման խնդիրների վրա: Այս բոլոր հարցերում Թուրքիայի հետ համագործակցելը պարտադիր է: Թուրքիանՙ մահմեդական մեծամասնությամբ ամենակարեւոր երկիրն է, որ ե՛ւ զորք է ուղարկում Աֆղանստան, ե՛ւ զինված ուժերին վարժեցնում այնտեղՙ որպես ԻՍԱՖ-ի «Անվտանգությանն օժանդակող միջազգային ուժերի» մասնակից անդամ: Թուրք ընդհանուր բրիգադիր Լեւենտ Չոլաքը ԻՍԱՖ-ի շրջանային հրամանատարն է Աֆղանստանի մայրաքաղաքում: Ջիհադի հետեւորդները սովորաբար այն թեզն են պաշտպանում, որ Մ. Նահանգները ոչ թե ահաբեկչության դեմ է պայքարում, այլՙ իսլամի: Թուրքիայի մասնակցությունը վերոնշյալ գործողություններին նպաստում է չեզոքացնելու այդ մոտեցումը: Դա նաեւ լրացնում է Օբամայիՙ «նոր մոտեցում մահմեդական աշխարհի հետ» քաղաքականությանը: Թուրքիան Աֆղանստանում նաեւ քաղաքացիական շինարարության գործընթացին է մասնակցում: Վարդակում շրջանային վերակառուցման խմբի ղեկավարն է: Թուրքական ընկերությունները Աֆղանստանում կառուցում են ճանապարհներ, դպրոցներ, կլինիկաներ: Թուրքիայի նման ընդգրկվածությունը նվազեցնում է Աֆղանստանի կախվածությունը Հնդկաստանից, որը Պակիստանին հեռու է պահում թալիբների դեմ կռվելուց: Թուրքիան Իրաքում Օբամայի մարտավարության «անկյունաքարն» է: Թուրքիայի վարչապետի հետ հանդիպումից հետո Օբաման ասել է. «Մենք քննարկեցինք մեր համատեղ ջանքերնՙ օգնելու, որ Իրաքն անկախ եւ բարգավաճ երկիր դառնա»: Թուրքիան Մ. Նահանգների նման կողմնակից է միացյալ Իրաքի գաղափարին: Նա նաեւ կարեւոր դեր է խաղում նավթով հարուստ Չիրքուկի շրջանում արաբա-քրդա-թուրքմենական պայթուցիկ իրավիճակի վերահսկողության գործում, իսկ եվրասիական տարածաշրջանում ոչ մի հակամարտություն չկա (լինի դա ռուսաստանյան ռազմակայանները Հայաստանում, Վրաստան-Ռուսաստան հարաբերությունը, Կոսովոյի անկախությունը, սեւծովյան տարածքի անվտանգությունը, Սիրիա-Իսրայել եւ Պաղեստին-Իսրայել հարաբերությունները, Կիպրոսի հարցը եւ այլն), որ հնարավոր լինի լուծել առանց Թուրքիայի ակտիվ մասնակցության: Պաղեստինյան պետություն հիմնելու շուրջն առաջացած լարվածությունը Մերձավոր Արեւելքում, ինչպես նաեւ հարաբերությունների կարգավորումը Իսրայելի եւ նրա հարեւանների միջեւ նույնպես նպաստում են միջազգային ահաբեկչության հզորացմանը: Այդ պատճառով էլ նախագահ Օբաման դիվանագիտական ամենատարբեր միջոցներով փորձում է կողմերին բավարարող լուծումներ գտնել: Նա բազմիցս այդ տարածաշրջան է ուղեւորել արտգործնախարար Հիլարի Քլինթոնին եւ Մերձավոր Արեւելքի գործերով զբաղվող հատուկ բանագնաց Ջորջ Միտչելին: Նախագահ Օբամայի ազգային եւ միջազգային անվտանգության օրակարգում առաջնահերթ տեղ է զբաղեցնում նաեւ միջուկային զենքի սահմանափակման խնդիրը: Թուրքիան այս ոլորտում էլ ունենալու է իր դերակատարությունը: Էրդողանի հետ հանդիպելուց հետո նախագահ Օբաման հայտարարեց, որ Իրանը պետք է հավաստիացնի, որ միջուկային զենքը խաղաղ նպատակներով է օգտագործելուՙ միջազգային օրենքներին համապատասխան, իսկ այդ գործում նրան կարող է ուղղորդել Թուրքիան: Թուրքիան Իրանի հետ դարերից եկող պատմական կապեր ունի, որը կարող է օգտագործել տարածաշրջանում խաղաղություն եւ բարգավաճում ապահովելու համար, որպես հակազդեցությունՙ ծայրահեղական եւ ատելությամբ առլեցուն ճոռոմաբանությունների: Այնպես որ, վերջին հաշվով Օբամայի հետագա պաշտոնավարությունը մեծապես կախված է Թուրքիայից եւ Թուրքիայի հետ նրա հարաբերություններից:

No comments: