Monday, December 7, 2009

ՕԲԱՄԱՅԻ ՆԱՄԱԿԸ ՀԱՅԵՐԻՆ

«Լրագիր» 7-12-2009- ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պատասխանել է խոշոր ամերիկահայ կազմակերպությունների նամակին, որը մտահոգություն է հայտնում այն մասին, որ “Թուրքիան չի կատարում իր միջազգային պարտավորությունները”: Կազմակերպությունները կոչ են արել ԱՄՆ վարչակազմին “պատասխանատվության ենթարկել թուրքական կառավարությանը”` առանց նախապայմանների հարաբերություններ չհաստատելու եւ Հայաստանի շրջափակմանը վերջ չդնելու հրապարակային հայտարարությունների առումով: Նամակում նշվում էր, որ “իրական հաշտություն հնարավոր է, միայն եթե Թուրքիան համակերպվի իր անցյալի հետ” եւ կոչ էր արվում Օբամային ճանաչել հայերի ցեղասպանությունը: Նամակը արտահայտում է սփյուռքահայության այն անհանգստությունը, որ եթե “այս կարգավորման գործընթացն օգտագործվի որպես հայերի ցեղասպանությունը չճանաչելու քողարկում, այն հարված կհասցնի մերձեցման գործընթացին եւ մարդկանց բարի կամքի ակնկալիքներին ողջ աշխարհում”: Պատասխանելով այս նամակին, նախագահ Օբաման վերահաստատել է ԱՄՆ դիրքորոշումը, որ “Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորումը պետք է ընթանա առանց նախապայմանների եւ խելամիտ շրջանակներում”: Այս դիրքորոշումն են արտահայտել նաեւ Շվեյցարիան, Ֆրանսիան, Ռուսաստանը, ինչպես նաեւ Եվրամիությունը: Ավելին, Օբաման նշել է, որ “պատմության մասին իմ տեսակետը չի փոխվել: Ես հետաքրքրված եմ փաստերի ամբողջական, ազնիվ եւ արդար ճանաչմամբ”: Իր այս տեսակետը Օբաման արտահայտել էր ավելի վաղ Թուրքիա կատարած այցի ընթացքում, ինչպես նաեւ այս տարվա ապրիլի 24-ի ուղերձում, որտեղ մի քանի անգամ արտասանվել է հայոց ցեղասպանություն արտահայտությունը: Ամերիկահայ երկու թեմերը, ՀԲԸՄ եւ Ամերիկայի Հայկական Համագումարը ողջունում են հայ ժողովրդին օգնելու Օբամայի պատրաստակամությունը եւ միասնաբար հայտարարում են, որ ԱՄՆ կողմից ցեղասպանության ճանաչումը չպետք է գերի դառնա հարաբերությունների կարգավորմանը: Դեկտեմբերի 7-ին Վաշինգտոնում ԱՄՆ նախագահը հանդիպելու է Թուրքիայի վարչապետ Էրդեղանին: Ամերիկահայ կազմակերպությունների կարծիքով, սա կարեւոր առիթ է, որ Թուրքիայի կառավարությունը հաշվետվություն տա Հայաստանի շրջափակումը դադարեցնելու եւ առանց նախապայմանները հարաբերություններ հաստատելու միջազգային պարտավորությունների վերաբերյալ, ինչպես նաեւ ընդունի, որ ցեղասպանություն է իրականացրել:

No comments: