Tuesday, December 8, 2009

Էրդողանը հերքում է իր պապերի մեղքը՝ մոռանալով, որ հացագործին պարտակողը եւս հանցագործ է

News.am. 8-12-2009- Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դեկտեմբերի 7-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հետ հանդիպումից հետո՝ Ջոն Հոփկինս համալսարանում ելույթ է ունեցել։ Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ Էրդողանը կրկին ասել է, որ իր նախնիները ցեղասպանություն չեն կատարել։ Էրդողանին հարցրել են, թե ինչպես է նա վերաբերվում այն փաստին, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման չի փոխել իր հայացքները 1915 թվականի իրադարձությունների կապակցությամբ, որին ի պատասխան Էրդողանը ասել է . "Մենք հայկական կողմին նամակ ենք գրել, առաջարկել ստեղծել պատմական հանձնաժողով։ Իմ նախնին ցեղասպանություն չի գործել։ Տեղահանման հետ կապված կան բազմաթիվ փաստաթղթեր, որոնք ես անձամբ տեսել եմ։ Դրանք ցույց են տալիս, որ այն ժամանակվա իշխանությունները տեղահանությունը կազմակերպել են անվտանգության նկատառումներով։ Հնարավոր չէ հասկանալ, թե ցեղասպանության պնդումները ինչ փաստերի վրա են հենվում։ Այն հարցին, թե արդյոք Թուրքիայում 301 հոդվածի առկայությունը չի խանգարի պատմական հանձնաժողովի ստեղծմանը, Էրդողանը պատասխանել է. «Իմ կարծիքով այս հարցը տվողը չգիտի՝ ինչ է 301 հոդվածը։ Տվյալ հոդվածով մեղադրվող անձին մինչ դատարան մտցնելը՝ պետք է ստանալ արդարադատության նախարարության համապատասխան որոշումը։ Մինչ այժմ 8 նման որոշում է կայացվել»։ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը անդրադարձել է նաեւ Ղարաբաղի խնդրին՝ նշելով, որ Մինսկի խմբի հետեւողական ջանքերի շնորհիվ՝ Ադրբեջան-Հայաստան հակամարտության կարգավորման դեպքում՝ կկարգավորվի նաեւ Թուրքիա-Հայաստան խնդիրը։ «Մենք իրական ջանքեր են գործադրում կարգավորելու Հայաստանի հետ մեր հարաբերությունները։ Թուրքիայում 170 հազար հայ է ապրում, եւ նրանց մի մասը Թուրքիայի քաղաքացի չէ։ Մենք նրանց ետ չենք ուղարկում, քանի որ Հայաստանում կյանքի պայմանները լավ չեն, որ ցանկանում են մեր երկրում ապրել։ Նրանց մեջ կան նաեւ իմ կուսակցության անդամներ»,-նշել է Էրդողանը։

No comments: