Monday, December 7, 2009

Թուրքիայում ապօրինի աշխատող հայերի թիվն ուռճացվում է երկրի կառավարության կողմից

Tert.am. 6-12-2009- Թուրքիայում ապօրինի աշխատում է 12 000-13 000 Հայաստանի քաղաքացի: Այդ մասին են վկայում Eurasia Partnership Foundation-ի կողմից անցկացված հետազոտության արդյունքները: Համաձայն հետազոտության տվյալների` Թուրքիայում աշխատող ՀՀ քաղաքացիների 94 տոկոսը կանայք են, ընդ որում` շատ փոքր տոկոս են կազմում նրանք, ովքեր Թուրքիա են մեկնել ամուսինների հետ: Ինչ վերաբերում է ամուսիններին, ապա, ինչպես պարզել են հարցման հեղինակները, նրանք հիմնականում գործազուրկ են կամ զբաղվում են ոսկերչությամբ: Հարցման արդյունքում պարզվել է, որ կանանց գործունեության ոլորտը հիմնականում սահմանափակվում է առևտրով. կան նաև կանայք, որոնք աշխատում են որպես դայակներ կամ մատուցողներ: Հետազոտության ղեկավար Ալին Օզինյանը ուսումնասիրության վրա ծախսել է երկու տարի: Նրա հեղինակած մոտ 150-էջանոց զեկույցը հրապարակվելու է Ստամբուլում հաջորդ ամիս: Զեկույցը, մասնավորապես, պարունակում է իրական թվեր Թուրքիայում ապօրինի բնակվող հայերի մասին: Ըստ պաշտոնական տվյալների` 2000-2008 ժամանակահատվածում Թուրքիա մեկնած 6000 հայեր չեն վերադարձել Հայաստան: Օզինյանն այդ թվին ավելացնում է 90-ականներին գրանցված թվերն ու գալիս այն եզրահանգման, որ Թուրքիայում ապօրինի բնակվող հայերի թիվը ոչ թե 70 000 կամ 100 000 է, ինչպես հայտարարում են երկրի պաշտոնյաները, այլ 12000-13000: Համաձայն զեկույցի` վերջին տարիների ընթացքում շատ փոքր թվով հայեր են վտարվել Թուրքիայից, ընդ որում` նրանք հիմնականում այն հայերն են, որոնց մեղադրվում էին որևէ հանցանք գործելու մեջ: Ինչպես նշում է զեկույցի հեղինակը, հանցանքների մակարդակը Թուրքիայում բնակվող հայերի շարջանում բավական ցածր է: Համաձայն հետազոտության արդյուքների` Թուրքիա գաղթածների ընտանիքներում ծնված երեխաները որևէ կերպ հաշվառված չեն և չունեն ծննդյան վկայական, քանի որ Թուրքիայում չկա Հայաստանի դեսպանատուն կամ հյուպատոսություն:

No comments: