Հայաստանի «քաղաքական դաշտ» կոչվող երեւույթը նոր վերադասավորումների ընթացքում է եւ հասարակությունը, գտնվելով նախկին կաղապարների ազդեցության տակ, չի կարողանում կողմնորոշվել նոր իրողություններում: Մարտի 1-ի ցնցումն այնքան հուժկու էր, որ «իշխանություն»-Հայ ազգային Կոնգրես (ՀԱԿ) հակամարտության մասին կաղապարը դեռեւս իներցիայով շարունակվում է, ինչից փորձում է օգտվել ՀԱԿ-ը, սակայն դա երկար ժամանակ չի կարող շարունակվել: «Միակ» եւ «իսկական» ընդիմության մասին մասին առասպելը հաջողությամբ ոչնչացնում է հենց ինքը` Տեր-Պետրոսյանը, սակայն «ավելի իսկական» ընդիմության բացակայության պայմաններում հասարակությունը դեռեւս ապակողմնորոշված է, իսկ «քաղաքական դաշտ» երեւույթը՝ կաթվածահար: Այս իրավիճակից ելք գտնելու համար հասարակությանը պետք է առաջարկվի մտածողության նոր սխեմա, որը կպարզեցնի իրավիճակը եւ մոտ կլինի իրականությանը: Միայն հասկանալի իրավիճակներում է հնարավոր ելքեր որոնել:
Այսպիսով, ո՞վ է Հայաստանում «ընդդիմադիր»: Իրավիճակը հստակեցնելու համար մենք պետք է մեզ հարց տանք. «ո՞վ է ընդդիմադիր, եւ ու՞մ է ընդդիմադիր»:
Այսօր գոյություն ունի երկու ընդդիմություն. «Սերժ Սարգսյանի ընդդիմություն» եւ «Ռոբերտ Քոչարյանի ընդդիմություն»: Ռոբերտ Քոչարյանի ընդդիմությունն են` Ազգային միաբանությունը, Հայ ազգային կոնգրեսը, ԱԺՄ-ները եւ այլն, Սերժ Սարգսյանի ընդդիմությունը` Դաշնակցությունը, Ժառանգությունը եւ այլն: Կոալիցիայի անդամները պետք է որոշում կայացնեն, թե ու՞մ ընդդիմությունն են լինելու` հնարավոր է, որ բաժանարար գծերը անցնեն «միավոր օրգանիզների» հենց միջոց: Սակայն մենք պետք է նաեւ մեկ այլ հարցի պատասխանենք՝ որոնք են այդ ընդդիմությունների եւ նրանց սյուզերենների գաղափարները: Բնականաբար, առաջին «գաղափարը», որ կարող է մեր մտքով անցնել` Ղարաբաղն է: Մոտեցումները կարելի է ձեւակերպել հետեւյալ բանաձեւերով. «Աղդամը մեր հայրենիքը չի» եւ «Գյուլին չէի հրավիրի»: Ղարաբաղի խնդրի եւ սահմանների բացման հարցը մեկ փաթեթով լուծելու Թուրքիայի պահանջները Սերժ Սարգսյանի եւ «Ռոբերտ Քոչարյանի ընդդիմության» համար ճակատագրական կարող է լինել:
Սակայն միայն Ղարաբաղի խնդիրը չէ, որը Հայաստանի քաղաքական կյանքի օրակարգում է: Օրակարգի մյուս խնդիրները ձեւավորելը հենց այն հարցն է, որով պետք է զբաղվի հասարակությունը եւ դա պետք է արվի հրապարակայնորեն:
ՍՏԵՓԱՆ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Tuesday, December 8, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment