Tuesday, December 8, 2009

Օբաման ու Էրդողանը կյանքի են կոչել «գործընկերության մոդել» գաղափարը

Panorama.am.8-12-2009- Ինչպես և կանխատեսվում էր, Օբամա-Էրդողան հանդիպման ժամանակ սեղանին դրվեց նաև թուրք-ամերիկյան գործընկերության մոդելի գաղափարը: Երկկողմ հարաբերությունների զարգացման այդ նոր ձևակերպումը հնչեցրել էր ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման թուրքական մեջլիսի ամբիոնից ապրիլի 6-ին: Դա դիտվեց որպես թուրք-ամերիկյան հարաբերություններին նոր որակ հաղորդելու ազդանշան: Եվ ահա ամիսներ անց` վաշինգտոնյան հանդիպման ժամանակ, կողմերը որոշակիորեն հստակեցրեցին այդ գաղափարն ու քննարկեցին դրա կենսագործման ուղիները: Թուրքական «Հյուրրիյեթ» (Hurriyet) օրաթերթի կայքէջի տեղեկացմամբ` հիշյալ գործընկերության մոդելի շրջանակներում կազմված տնտեսական հանձնաժողովի համար ընտրվել են երկուական նախարարներ ամերիկյան ու թուրքական կողմերից: Այդ մասին լուրը Սպիտակ տան ղեկավարը հայտնել է հետևյալ կերպ. «Մեր ՆԱՏՕ-ով պայմանավորված հարաբերությունները միայն ռազմական ու քաղաքական բնույթի չեն լինելու: Ապահովվելու է նաև տնտեսական կապերի ամրապնդումը: Էրդողանի և Գյուլի հետ իմ հանդիպումներում քննարկվող տնտեսական զարգացումներն ավելի լավ ուսումնասիրելու համար էլ համատեղ հանձնաժողով հիմնելու մտքին եկանք: Միացյալ Նահանգներից այդ հանձնաժողովի կազմում կլինի Առևտրի նախարարն ու առևտրի հարցերով մեր ներկայացուցիչը»: Թուրքիայի վարչապետն էլ արձագանքել է, թե արդեն սկսվել է կարևոր քայլերի կատարումը երկկողմ հարաբերությունների սերտացման ուղղությամբ: «Այդ գործընկերությունը տնտեսական, գիտական, գեղարվեստական, տեխնոլոգիական, ռազմական և քաղաքական հարթություններ է բովանդակելու»,- տեղեկացրել է Էրդողանն ու նշել, որ թուրքական կողմի շահերն այդ հանձնաժողովում ներկայացնելու համար ընտրվել են պետնախարարներ Ալի Բաբաջանն ու Զաֆեր Չաղլայանը:

No comments: