Tuesday, December 8, 2009

Եվրոպացի դիվանագետ. Հայաստանի առջեւ ԼՂ անվտանգության գոտու տարածքներից հրաժարվելու հարցն է դրված

News.am. 7-12-2009- Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը չպետք է ձեռքերը ծալած նստի եւ բավարարվի ղարաբաղյան հիմնախնդրի ներկա ստատուս-քվոյով: Նա, չնայած ներքին ճնշումներին, ղարաբաղյան հարցում պետք է զիջումների գնա։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել եվրոպացի բարձրաստիճան մի դիվանագետ, ով ցանկացել է անհայտ մնալ։ Նրա խոսքով, Հայաստանն այժմ դժվարին իրավիճակի մեջ է. նրա առջեւ ԼՂ անվտանգության գոտու տարածքներից հրաժարվելու հարցն է դրված։ Ընդ որում, ինչպես նշել է դիվանագետը, Սարգսյանն ամուր դիրքեր ունի երկրի ներսում. «Խորհրդարանի մեծամասնությունը Սերժ Սարգսյանի կուսակիցներն են։ Ճիշտ է, Հայաստանում բավականին ուժեղ ընդդիմություն կա՝ ի դեմս Դաշնակցության, սակայն այն չի կարող դիմագրավել նախագահի կողմից ղեկավարվող Հանրապետական կուսակցությանը։ Ինչ վերաբերում է մյուս ընդդիմադիր ուժին՝ Հայ ազգային կոնգրեսին, ապա այն ամենաշատն է տրամադրված ղարաբաղյան հարցում փոխզիջումների գնալուն։ Չպետք է մոռանալ, որ ՀԱԿ-ի առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը 1998թ. պաշտոնաթող եղավ, քանի որ չկարողացավ դիմագրավել ղարաբաղյան լոբբիին»,- հայտարարել է դիվանագետը։ Նա նաեւ նշել է, որ իշխանությունների կողմից զիջումների դեպքում ՀԱԿ-ն, իհարկե, կքննադատի նախագահին։ Խոսելով ղարաբաղյան հարցի լուծման վրա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի ազդեցության մասին՝ դիվանագետը նկատել է, որ ազդեցությունը կամ դրականորեն կանդրադառնա հարցի լուծման վրա, կամ ավելի կբարդացնի իրավիճակը։ Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա դիվանագետն իր դժգոհությունն է հայտնել այդ երկրի նախագահի ռազմաշունշ հայտարարությունների առնչությամբ՝ ընդգծելով, որ դա կարող է ծայրահեղ բացասական ազդեցություն թողնել բանակցային գործընթացի վրա։ Նա ընդգծել է, որ այս հարցում ԱՄՆ-ը եւ Թուրքիան պետք է ճնշում գործադրեն Ադրբեջանի վրա։ Դիվանագետը քիչ հավանական է համարել Ադրբեջանի կողմից տարածաշրջանում պատերազմ սկսելու նախաձեռնությունը։ Նրա խոսքով, Վրաստանի դառը փորձը լավ դաս է դարձել բոլոր պետությունների համար։ Բացի այդ, միջազգային հանրությունը թույլ չի տա տարածաշրջանային ապակայունացում։ «Լավ է, որ Ալիեւի հայտարարություններից հետո ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը համաձայնեց մասնակցել մյունխենյան հանդիպմանը։ Երկրորդ դրական պահն այն է, որ Ադրբեջանը չի պահանջում ԼՂ հիմնախնդրի լուծում՝ պետությունների տարածքային ամբողջականության միջազգային սկզբունքների համաձայն»,- նկատել է դիվանագետը։ Նա ընդգծել է, որ բանակցությունների օրակարգում այսօր երեք հարց կա՝ Հայաստանի կողմից հրաժարում ԼՂ անվտանգության գոտուց, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ցամաքային կապի ապահովում եւ վերջապես Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշում։ Դիվանագետը նշել է, որ բանակցային գործընթացը, ամենայն հավանականությամբ, կձգձգվի, քանի որ երկու երկրների նախագահները պատրաստ չեն կոկրետ որոշումներ կայացնել։ «ԵԱՀԿ Մինսկի խումբը եւս չի կարող իր ուսերին հավերժ տանել չլուծված հիմնախնդրի բեռը, եւ հնարավոր է՝ Եվրամիությունը ստիպված լինի իր վրա վերցնել խնդրի լուծման պատասխանատվությունը»,- եզրափակել է նա։

No comments: