Tuesday, December 8, 2009

ԻՆՉՈՒ ԵՆ ՍՈՒՐԲ ԽԱՉ ԵԿԵՂԵՑԻՆ ԴԱՐՁՐԵԼ ԹԱՆԳԱՐԱՆ

Հայկական մամուլն անդրադարձավ Ղրիմի հայկական Սուրբ Խաչ վանական համալիրի ճակատագրին, որը Ղրիմի խորհրդարանի որոշմամբ այս տարվա դեկտեմբերի 1-ից վերածվել է Ղրիմի ժողովրդագրական թանգարանի բաժին: Այս որոշումը կոշտ արձագանք է ստացել Մայր Աթոռում, ինչպես նաեւ հայկական մամուլում: Խնդրի վերաբերյալ religions.am կայքը հրապարակել է sobytiya.com.ua կայքից մի հոդված, որն անդրադառնում է այդ որոշմանը: Ղրիմի խորհրդարանի խոսնակ Գրիցենկոն ասել է, թե մտադիր չեն փոխել որոշումը: Իր դիրքորոշումը նա բացատրել է նրանով, որ վանքի վերանորոգման համար զգալի գումարներ են հատկացվել Ղրիմի ինքնավարության բյուջեից, վերականգնելու այդ հուշարձանը: Սակայն, նրա խոսքով, երբ մասնավոր ձեռներեցը վանքը վերածում է հյուրանոցի, որի խցերում ապրում են զբոսաշրջիկներ, իսկ վանքի խոհանոցում պատրաստում են շուռպա (թաթարական ուտեստ) եւ կրակ վառում, երեւի թե հիմք ունեն հիշեցնելու, որ, եղբայր, դա հուշարձան է, 650 տարվա, ասել է Գրիցենկոն: Գրիցենկոն նշել է, որ վանքի կարգավիճակի փոփոխությունը չի ազդի հայկական եկեղեցու հնարավորությանը՝ այնտեղ ծեսեր կատարելու: Գրիցենկոն ասել է, թե ընդամենը դրվելու է արգելափակոց, լինելու է պահակակետ, մտնողները պետք է տոմս գնեն: Ղրիմի հայ համայնքի ղեկավար Արմեն Ղազարյանը չի հերքել, որ պատմական հուշարձանը օգտագործվել է փող աշխատելու համար: Նա ամեն ինչի համար մեղադրել է վանքի սպասավոր հոգեւորականին, ասելով, թե նրա վարքուբարքի մասին գրել են նաեւ Էջմիածին, ստորագրություններ հավաքել նրան փոխելու մասին: Սուրբ Խաչ վանական համալիրը (14-րդ դարի կեսեր) Ղրիմի Ինքնավար Հանրապետության կառավարության որոշմամբ 2002 թ. վերադարձվել է Հայ Առաքելական եկեղեցուն: 2007-08 թթ. Վանքը վերանորոգվել է, կառուցվել է վանք տանող նոր ճանապարհ, անցկացվել էլեկտրաէներգիա:

No comments: