Thursday, March 18, 2010

ԹՈՒՐՔԻԱՅԻ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅՈւՆՆԵՐԸ ՔՆՆԱԴԱՏՈւՄ ԵՆ ԷՐԴՈՂԱՆԻՆ

Repot.am. 18-3-2010- Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` 100 հազար հայերին իր երկրից արտաքսելու վերաբերյալ արված հայտարարությունը հարուցել է Թուրքիայի հասարակական կազմակերպությունների զայրույթը: Այս մասին գրում է թուրքական «Զամանը»: Հասարակական կազմակերպությունները քննադատել են Էրդողանի հայտարարությունը հետևյալ առումներով. նախ վարչապետը նշել է Թուրքիայի հայ քաղաքացիներին Հայաստանի քաղաքացիների հետ մեկտեղ և երկրորդ՝ նա օգտագործել է օտարերկրյա աշխատավորներին իբրև գործիք արտաքին քաղաքականության համար` արհամարհելով հարցի մարդասիրական կողմը: Մարդու իրավունքների պաշտպանության İHD կազմակերպության նախագահ Օզտուրք Թուրքդողանը հայտարարել է, որ Էրդողանի խոսքերը կարող են հեշտությամբ դիտարկվել իբրև սպառնալիք և խտրականություն: «Սա հեռու է մարդու իրավունքներից: Մարդիկ իրավունք ունեն աշխատելու, և սա ընդհանուր է: Բազմաթիվ թուրք աշխատողներ կան աշխարհով մեկ: Արդյո՞ք սա նշանակում է, որ Թուրքիան կհամաձայնի նրանց արտաքսման հետ որևէ հիմնահարցի առկայության պարագայում»,- ասել է նա: Էմիգրանտների համերաշխության ցանցի ներկայացուցիչ Սերեն Օզթուրքն էլ հայտարարել է, որ մարդկանց ազատ տեղաշարժն ընդհանուր իրավունք է, և Էրդողանի ասածներն ընդունելի չեն: «Ազատ տեղաշարժի իրավունքը չի կրող օգտագործվել իբրև խաղաքարտ միջազգային հարաբերություններում: Ներգաղթյալները պետք է հավասար իրավունքներ ունենան Թուրքիայի քաղաքացիների հետ, որովհետև նրանք աշխատում են և օժանդակում են հասարակությանը»,- ասել է նա:

No comments: