Friday, March 12, 2010

Ադրբեջանը սպասում է Հայաստանի պատասխանին

Tert.am. 11-3-2010- Ադրբեջանը սպասում է Հայաստանի պատասխանին Մադրիդյան նորացված սկզբունքների առաջարկների վերաբերյալ։ Այս մասին, ինչպես հաղորդում է 1news.az-ը, լրագրողներին ասել է Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը` նշելով, որ Ադրբեջանն այդ առաջարկներն արդեն ընդունել է։ «Որքանով հայտնի է, հայկական կողմը մտադիր է ներկայացնել նոր առաջարկներ Մադրիդյան նորացված սկզբունքների վերաբերյալ, որոնք պետք է ընդունեն և քննարկեն ԵԱՀԿ ՄԽ համանախագահները»,- նշել է Մամեդյարովը։ Էլմար Մամեդյարովը նաև հավելել է, որ «ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը Մոսկվայում հանդիպում է ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ... Ավելի ուշ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կհրավիրեն Էդվարդ Նալբանդյանին Փարիզ համապատասխան հարցերի քննարկման համար, ինչից հետո պարզ կդառնա, թե որ ուղղությամբ են ընթանալու աշխատանքները Մինսկի խմբի համանախագահների հետ ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում»։ Նշենք, որ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը, պատասխանելով Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հնարավոր հանդիպման մասին հարցին, նշել է, որ տվյալ պահին նախագահների հանդիպման հարցը չի քննարկվում։

No comments: