Tuesday, March 30, 2010

ԱԴՐԲԵՋԱՆԸ ԳՆՈՒՄ Է ՊԱՏԵՐԱԶՄԻ

«Լրագիր» 30-3-2010 - Մեծ է արդյոք պատերազմի հավանականությունը Ղարաբաղի հակամարտության հարցում: Մարտի 30-ին լրագրողները այդ մասին հարցրել են ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանին, ով տվել է դրական պատասխան: “Երբ որ ես ասում եմ այո, ոմանք արտահայտում են, որ պարոն Բաբայանը ասաց, որ վաղը սկսելու է պատերազմը: Չէ: Այո, ամեն ինչ գնում է դեպի պատերազմի ճանապարհը, որովհետեւ Ադրբեջանը այն լկտիությունն ունի, որ որեւիցե բան չտալ` ամեն ինչ ստանալ: Դա խոսում է նրա մասին, որ նա տանում է դեպի պատերազմ”, ասում է Սամվել Բաբայանը: Մենք, ըստ Սամվել Բաբայանի, “դատապարտված ենք հաղթել այդ պատերազմում” “Այլընտրանք չունենք: Եթե Ադրբեջանն ունի ինչ որ ընտրանք, հետ քաշվելու, կամ ինչ որ զիջումների գնալու, մենք չունենք այլընտրանք”, ասում է Սամվել Բաբայանը: Հարցին, թե արդյոք Հայաստանը պատրաստվում է պատերազմի, ԼՂՀ պաշտպանության նախկին նախարարն ասել է, որ իր կարծիքով, Հայաստանն ամեն օր էլ պատրաստվում է պատերազմի, պարզապես պարտադիր չէ, որ դա ցուցադրվի: Իսկ ինչն է, որ զսպում է Ադրբեջանին` Հայաստանի համարժեք ուժը, գերտերությունների բացասական վերաբերմունքը, թե Ադրբեջանը սպասում է ինչ որ ժամկետի: Այդ հարցին Սամվել Բաբայանը պատասխանել է. “Առաջին հերթին այն փաստաթուղթը, որը վերջերս ստացավ, մինչեւ այդ, եթե տեղյակ եք, անընդհատ ադրբեջանական կողմն էր մերժում, չէր ընդունում, հիմա ունի ձեռքի տակ փաստաթուղթ, որտեղ տեղափոխվեց հայկական կողմի վրա, որ հայկական կողմն է մերժում: Սա մեկ: Երկրորդը, նա տարածաշրջանային գործոն է այսօր, ընդունենք, թե ոչ, թե նավթի, թե գազի, թե ընդհանրապես ասիական այդ ամբողջ հոսքը ապահովելու: Երրորդը` շատ վստահ չի իր վրա, իմ կարծիքով, որ անպայման հաջողություն կունենա: Ամենից մեծ գործոնը, որ հետ է պահում դեռ պատերազմ սկսելուց, իր անպաստրաստ լինելն է, իր վրա շատ վստահ չի: Ադրբեջանը շատ լավ գիտակցում է, որ պատերազմ վերսկսելու դեպքում եթե պարտվեց, ինքն այլեւս պետք է մոռանա էն, ինչ մեր ձեռքի տակ է, եւ մեր վերահսկողության տակ է, եւ այն, ինչ որ կունենանք: Շատ մեծ կորուստ կլինի, դրա համար վստահ չի վերսկսելու”: Նա ասում է, որ ով տեսել է պատերազմ, չի ցանկանում, որ այն կրկնվի, բայց պետք է պատրաստ լինել պատերազմին, հզոր պետություն ունենալ, որ այն կանխարգելվի: Ի դեպ, Սամվել Բաբայանը նաեւ կարծում է, որ եթե լինի հայ-ադրբեջանական նոր պատերազմ, ապա որեւէ գերտերություն չի դառնա Հայաստանի պաշտպան եւ նույնիսկ հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ լինելը չի աշխատի Ադրբեջանի հետ պատերազմի դեպքում:

No comments: