Tuesday, March 30, 2010

ՄԽ համանախագահը հերքել է իրեն վերագրվող հայտարարությունը

Aysor.am. 30-3-2010- ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը հերքել է իրեն վերագրվող հայտարարությունը, թե, իբր, երկու տարի առաջ հայկական կողմը համաձայնել է «Մադրիդյան սկզբունքներին», բայց, ինչպես հիմա է պարզվում, իր անհամաձայնությունն է հայտնել փաստաթղթի վերաբերյալ: «Պետք է հաղորդել այն, ինչ ասվել է և չմեկնաբանել, ինչպես արեցին Լեռնային Ղարաբաղի լրագրողները: Կա նույնիսկ տեքստի սղագրությունը, որտեղ բառ առ բառ մեջբերված են իմ խոսքերը», -ասել է Յ.Մերզլյակովը: Հիշեցնենք, որ «Ազատություն» ռ/կ-ը նախօրեին հաղորդել էր, թե ռուսաստանցի համանախագահն ասել է, որ հայկական կողմն իր անհամաձայնությունն է հայտնել ներկայացված «մադրիդյան սկզբունքների» որոշ կետերի առնչությամբ: Նույն լրատվամիջոցի հետ զրույցում արված նրա մեկ այլ դիտարկման առնչությամբ, թե ընդհանուր առմամբ կողմերը համաձայնության են եկել Մադրիդյան սկզբունքների շուրջ` բացի 4 կետից, Մերզլյակովը նշել է. «Ես նման բան արտաբերել: Նման բան չի եղել»: Նոր մադրիդյան առաջարկների մասին հարցին ի պատասխան, Մերզլյակովը ասել է. «Դրանք լրացումներ չեն, այլ չհամաձայնեցված սկզբունքների վերաբերյալ առաջարկներ: Աշխատանքային պահեր են, որոնք մինչև հիմա շարունակվում են»: ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանյան համանախագահը չի հստակեցրել, թե արդյոք պատրաստվո՞ւմ են համանախագահները նոր առաջարկները ներկայացնել առաջիկայում Աստանայում սպասվող Սարգսյան-Ալիև հանդիպման ժամանակ: Նա նկատել է, որ այդ հարցը պետք է ուղղել հանդիպումը կազմակերպող ԵԱՀԿ-ն նախագահող Ղազախստանին, այլ ոչ թե Մինսկի խմբի համանախագահներին:

No comments: