
News.am. 30-3-2010- Կահիրեի համալսարանի Հայագիտական ուսումնասիրությունների կենտրոնում մարտի 29-30-ը տեղի է ունեցել «Հայերի դերը արաբական աշխարհի տնտեսության մեջ» թեմայով երրորդ միջազգային համաժողովը, որը հովանավորել է Կահիրեի համալսարանի ռեկտոր Հուսամ Քամելը։
Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ համաժողովի մասնակիցներին ողջունել են Եգիպտոսում Հայաստանի դեսպան Արմեն Մելքոնյանը, Կահիրեի համալսարանի բանասիրության ֆակուլտետի դեկան Զեն ալ-Աբիդին Աբու Խադրան եւ կենտրոնի տնօրեն Զեյնաբ Աբու Սիննան, որոնք բարձր են գնահատել կենտրոնի ծավալած աշխատանքը հայ-արաբական գիտակրթական եւ մշակութային համագործակցության զարգացման գործում։
Համաժողովին մասնակցել են ինչպես եգիպտացի, այնպես էլ Հայաստանից, Սիրիայից, Լիբանանից եւ ԱՄՆ-ից ժամանած թվով մոտ երկու տասնյակ գիտնականներ, որոնց զեկուցումները նվիրված էին պատմության տարբեր ժամանակահատվածներում հայ-արաբական տնտեսական առնչություններին եւ հարաբերություններին։ Բանախոսները բարձր են գնահատել դարերի ընթացքում հայերի ունեցած բացառիկ դերը՝ Մերձավոր Արեւելքում առեւտրի եւ տնտեսության տարբեր ճյուղերի զարգացման գործում։ Կենտրոնի կողմից որոշում է կայացվել համաժողովի նյութերը տպագրել առանձին պրակով։
Համաժողովի ավարտից հետո Կահիրեի համալսարանի ղեկավարությունը, մասնակիցները, ինչպես նաեւ ԵԱՀ կրթության նախարարի տեղակալ Մուհամմադ Գաբերը հյուրընկալվել են Կահիրեի Հայաստանի դեսպանությունում։
No comments:
Post a Comment