Wednesday, March 31, 2010

Կարեն Ավագյան. Ղարաբաղյան հարցում Հայաստանի դիրքորոշումը երբեք չի փոխվել

News.am.31-3-2010- «Ղարաբաղյան հարցում իրավիճակն ավելի բարդ է, քան հայ-թուրքական գործընթացում, քանի որ հայ-թուրքակական հարաբերությունները հաջողելու ավելի մեծ հնարավորություն ունեն, քան ղարաբաղյան հարցը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ համոզմունք հայտնեց «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը։ Ընդգծելով, որ Հայաստանի համար ղարաբաղյան գործընթացի ամենացանկալի վիճակը շարունակում է մնալ սառեցումը կամ ձգձգումը՝ նա միեւնույն ժամանակ ավելացրեց, որ եթե մենք խուսափում ենք Մադրիդյան սկզբունքները ստորագրելուց, ապա Ադրբեջանին, հակառակը, փաստաթղթերի ստորագրումը ձեռնտու է։ «Այժմ անհեթեթ իրավիճակ է ստեղծվել. Հայաստանը խոսում է փոխզիջումների եւ ուժի չկիրառման մասին այն դեպքում, երբ Ադրբեջանի ձեռքը ձգանի վրա է»,- նկատեց նա՝ հավելելով, որ Հայաստանը պետք է անի ամեն ինչ, որպեսզի Ղարաբաղը վերադառնա բանակցային սեղանի շուրջ։ Ասուլիսի մյուս բանախոս, հանրապետական Կարեն Ավագյանն իր հերթին ավելացրեց, որ «թեպետ ոմանք փորձում են պղտոր ջրում ձուկ որսալ, սակայն հստակ է, որ ղարաբաղյան հարցում Հայաստանի դիրքորոշումը երբեք չի փոխվել, այն է՝ փոխզիջումներ հնարավոր են միայն Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման եւ Ղարաբաղի կարգավիճակի հստակեցման դեպքում»։ Անդրադառնալով պատերազմի վերսկսման հավանականությանը՝ Կ. Ավագյանը նշեց, որ Ադրբեջանի կողմից արվող ռազմատենչ հայտարարությունները մշտական բնույթ են կրում եւ այսօր էլ շարունակում են մնալ այդ մակարդակի վրա. «Չնայած մենք կողմ ենք խաղաղության, սակայն պատրաստ ենք նաեւ պատերազմել եւ պաշտպանել մեր հողերը»,- շեշտեց նա։

No comments: